Քաղաքական

17.11.2016 12:40


ԱԺ–ում պետական բյուջեի նախագիծը սկսել է քննարկվել առանց Կառավարության. Գալուստ Սահակյանը զարմացած է (ուղիղ միացում)

ԱԺ–ում պետական բյուջեի նախագիծը սկսել է քննարկվել առանց Կառավարության. Գալուստ Սահակյանը զարմացած է (ուղիղ միացում)

ՀՀ ԱԺ քառօրյայի այսօրվա նիստում քիչ առաջ սկսել է քննարկվել 2017թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Հատկանաշական է, սակայն, որ բյուջեի քննարկմանը վարչապետն ու Կառավարության անդամները ներկա չեն։ Այս հանգամանքը նույնիսկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է զարմացրել։

–Էս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, և Կառավարությունն այստեղ չէ՛։ Էսպիսի բա՞ն։ Զարմանալի պատմություն է,–ասել է Գ.Սահակյանը։

Տեղից արձագանքել է ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը։

–Հետաձքե՛ք, պարո՛ն Սահակյան,–ասել է Վ. Այվազյանը, ինչին Գ.Սահակյանը հակադարձել է.

–Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հետաձգում, երբ է հետաձգում, և ինչի համար է հետաձգում։

Այնուհետև հարցը դրել է քննարկման, և ամբիոնին է մոտեցել դահլիճում ներկա ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

–Իհարկե, նախապես ներողություն եմ խնդրում, իմ գործընկերները ճանապարհին են, միգուցե տեխնիկական խնդիր է առաջացել, խնդրում եմ՝ ընդունեք դա ոչ թե անհարգալից վերաբերմունք, այլ իմ գործընկերները պարտադիր ներկա կգտնվեն այս կարևոր փաստաթղթի քննարկմանը,–վստահեցրել է նախարարը և սկսել է ներկայացնել նախագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը