Քաղաքական

16.11.2016 22:22


Բրիջիթ Բրինք․ «ԱՄՆ-ն շարունակելու է հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը»

Բրիջիթ Բրինք․ «ԱՄՆ-ն շարունակելու է հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը»

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է փոխադարձ այցելությունների ակտիվություն, ինչն ինքնին իր դրական ներգործությունն է ունենում երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման վրա: Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Բրինքի հետ հերթական այս հանդիպումը ևս արդյունավետ կլինի և կնպաստի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Նա բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ, առանց որի, նրա համոզմամբ, այդ ոլորտներում այսօր ակնհայտ առաջընթացը դժվար է պատկերացնել: Այդուհանդերձ, ըստ նրա, երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը և այն լիարժեքորեն օգտագործելու ցանկությունն ավելի մեծ է, ուստի անհրաժեշտ է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը՝ ստեղծելով երկխոսության նոր ձևաչափեր ու հարթակներ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակում Հայաստանում ունեցած քննարկումների մասին, նշելով, որ դրանք լրացնում են ընթացիկ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնում հաջողությամբ կայացած Հայաստան-ԱՄՆ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաև հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների շուրջ: Հյուրի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է քաղաքական և տնտեսական օրակարգի առաջնահերթությունները, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները:

Այս խորագրի վերջին նյութերը