Կարծիք

16.11.2016 15:56


«Ծայրը ծայրին հասցնելու» համար հայաստանցիներին անհրաժեշտ է 95․7 հազար դրամ

«Ծայրը ծայրին հասցնելու» համար հայաստանցիներին անհրաժեշտ է 95․7 հազար դրամ

Հայաստանի բնակիչները շատ վատ են ապրում, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է այդ վատ վիճակը թվերով։ Վերջերս ԱՎԾ-ն հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցը, որի մեջ տեղ են գտել մի ուշագրավ հարցման արդյունքները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ քաղաքացիներին «շատ լավ» ապրելու համար անհրաժեշտ է 568.3 հազար դրամ, իսկ «լավ» ապրելու համար՝ 250․7 հազար դրամ։ Բայց առավել ուշագրավ է, որ պարզապես գոյատևելու, «ծայրը ծայրին հասցնելու» համար հայաստանցիներին անհրաժեշտ է 95․7 հազար դրամ։

Իսկ հիմա համեմատեք այս թիվը մեկ նվազագույն աշխատավարձի, մեկ էլ աղքատության շեմի հետ։ Նույն այդ ԱՎԾ-ն, միայն իրենց հայտնի տրամաբանությամբ, աղքատության վերին շեմ է սահմանել 41 հազար 698 դրամը, և սա այն դեպքում, երբ իրենց իսկ ներկայացված թվերով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է մոտ 56 հազար դրամ։ Դե, պարզ է, պետությունն աղքատության դեմ պայքարելու երկու միջոց ունի՝ մեկ պայքար ծավալել աղքատ մարդկանց դեմ՝ սովամահ անելով վերջիններիս կամ ստիպելով արտագաղթել, մեկ էլ նման թվաբանական աճպարարությամբ կազմված վիճակագրություն ներկայացնել։ Եվ նույնիսկ այդ դեպքում այդ չարաբաստիկ 41 հազար 698 դրամը Հայաստանում չի ունենում մոտ 1 մլն քաղաքացի։ Դե, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը որքան մարդ իրեն չի կարող թույլ տալ՝ ոչ մեկին հայտնի չէ։

Հասարակությունն էլ ասում է, որ 95․7 հազար դրամից պակաս գումարով մարդը Հայաստանում գոյատևել չի կարող։ Եվ ես հակված եմ այս թվին հավատալ, քան 41 հազար դրամին։ Թող ԱՎԾ պետն ինքը փորձի 41 հազար դրամով կամ նույնիսկ 55 հազարով մեկ ամիս գոյատևել, հետո էլ մի ուղեցույց գրի մեզ համար, որ իմանանք՝ այդ ինչպես կարելի է այդ գումարով սովից չմեռնել։

Եվ գիտե՞ք՝ ամենավատը որն է։ Նույն այդ զեկույցում կան նաև այլ տվյալներ, որոնք վկայում են, որ չքավորության մեջ ապրող հայ ժողովուրդն այլևս որևէ դրական սպասելիք չունի։ Այսպես, հարցվածների միայն 1.1%-ն է պատասխանել, որ ցանկանում է սեփական գործ սկսել Հայաստանում։ 1.1%, գրողը տանի․․․Իսկ եկամտաբեր աշխատանք Հայաստանում փնտրում է հարցվածների միայն 12.4%-ը։ Մնացածը, երևի, կռահում եք, թե ինչպես են պատկերացնում իրենց ընտանիքների բարեկեցության ապահովումը Հայաստանի սահմաններից դուրս։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը