Մեկնաբանություն

16.11.2016 14:40


Մելիք-Ադամյանով անցնելու «շքերթը» մեկնարկում է

Մելիք-Ադամյանով անցնելու «շքերթը» մեկնարկում է

Երկու տարի առաջ՝ 2014-ին, երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կուսակցական առաջնորդի հանձնարարականով արեց հայտնի հայտարարությունը, շատերն այդ մոտեցումը համարեցին հակասահմանադրական: Սակայն 2015-ին Շարմազանովը կրկին շեշտեց նույն բանը՝ ասելով. «Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը...Եվ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ»:

Իշխող ուժի այս պայմանը կատարելու հարցում գերազանցիկ գտնվեց երկու ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը, ով հայտարարել է. «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները՝ այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:

Ինչ խոսք, այնքան էլ հասկանալի չէ ՀՀԿ-ին անդամագրվելու Վիգեն Սարգսյանի պատճառաբանությունը: Ինչից կարելի է եզրակացնել, որ նոր Սահմանադրության մեջ էլի ծուղակներ կան. եթե իրականացվել են սահմանադրական փոփոխություններ, ուրեմն բոլորը պետք է դառնան կուսակցական: Բայց այն, որ երկու տարի առաջ ՀՀԿ ղեկավարի հրահանգով Շարմազանովի առաջ քաշած պայմանը դառնում է իրականություն, փաստ է: Կարելի է ենթադրել, որ «1000 դրամի մասին» աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության մեջ խրված Վիգեն Սարգսյանի օրինակին շուտով կհետևեն Կառավարության մնացյալ անկուսակցական անդամները: Ուզում են մնալ իրենց պաշտոններում՝ պետք է անցնեն Մելիք-Ադամյանով: Իսկ Կառավարության մեջ տեղ զբաղեցրած և որպես «ուսյալ-կրթյալ» ու «թարմ ուժեր» ներկայացվող նախարարները, որոնք միլիոնատերեր են, նրանցից հազիվ թե ինչ-որ մեկը սկզբունքայնություն դրսևորի և հրաժարվի իր աթոռից:

Ինչևէ, ՀՀԿ-ին անդամագրվելու գործընթացում «լոկոմոտիվի» դերը վերապահված էր Վիգեն Սարգսյանին, որն էլ արդեն որոշում է կայացրել: Սպասենք մնացյալ անկուսակցականների որոշումներին: ՀՀԿ-ն «թարմ արյուն» է ներարկում ինքն իրեն՝ երկրին ու ժողովրդին թողնելով կոմայի մեջ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը