Քաղաքական

15.11.2016 16:59


Վահե Հովհաննիսյան. «Ազգ-բանակ գաղափարը կարող է գնալ արժեզրկման ճանապարհով» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Ազգ-բանակ գաղափարը կարող է գնալ արժեզրկման ճանապարհով» (տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ զինվորներին կամ նրանց ընտանիքներին մարտական գործողությունների հետևանքով անհրաժեշտ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ: Ելույթը ներկայացնում ենք ստորև:

«Ես խոսում եմ երկու նպատակ հետապնդելով՝ ի՞նչ անել, որպեսզի բանակին և զինված ուժերին հասանելիք գումարներն ավելի շատ լինեն, և երկրոդ` ի՞նչ անել, որ հասարակության մեջ այլ տրամադրություններ չզարգանան, որովհետև մեր ելույթները իրենց մեջ մտահոգիչ էլեմենտներ են պարունակում: Ես չեմ խոսի այն մտավախությունից, որ մինչ այս իմ գործընկերները, տարբեր խմբակցություններից, նշեցին: Ես միանգամից անդրադառնամ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հնչեցված ազգ-բանակ ձևակերպմանը: Իսկապես լուրջ մոտեցում է, մեծ հաշվով՝ այլընտրանք չունեցող մոտեցում է: Բայց ես ունեմ մտավածություն. ցավոք սրտի, Հայաստանում շատ լավ գաղափարներն արագ արժեզրկվում են։ Սա էլ կարող է գնալ արժեզրկման ճանապարհով, և այս քննարկումները հաստատ չեն նպաստում ազգ-բանակ գաղափարի ամրապնդմանը: Ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, որ մի քանի քայլեր արդեն արած լինեինք, նոր գար այս օրինագիծը, և լրիվ այլ մթնոլորտ կլիներ: Գուցե ավելի ճիշտ կլիներ մի 10-15 քայլ արած լինեինք, մարդիկ տեսնեին, որ բան է փոխվում, նոր սա բերեին: Բանակը դժվար է քննարկել իրականությունից զատ: Իրականությունն իսկապես շատ տխուր է Հայաստանում, շատ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, անարդարության, չքավորության այս աստիճանը: Մյուս կողմից, ճիշտ չէ բոլոր օբյեկտիվ կուտակված լարվածությունը, չարությունը, դժգոհությունները կենտրոնացնել բանակի վրա: Գուցե կարելի էր սկսել այս նախագիծը կամավորության սկզբունքներով: Սա էլ է տարբերակ: Ինչո՞ւ ոչ: Արդյունքն իսկապես կարող էր լինել հետաքրքիր: Խոսքը ֆինանսական արդյունքների մասին չէ: Խոսքը հայկական բանակը համահայկական ուշադրության կենտրոնում դարձնելու մասին է: Եվ եթե մենք դնեինք այս խնդիրը և լուրջ աշխատեինք, ես վստահ եմ, մենք կհասնեինք, որ, այսպես կոչված, հայկական աշխարհում հայկական բանակը դառնար իսկապես համահայկական ուշադրության առարկա: Դրա համար պետք է աշխատել: Շատ ավելի հեշտ է բերել մի օրինագիծ և ասել՝ հիմա մենք կսեղմենք «կնոպկան», կանցնի, բայց ավելի դժվար ճանապարհներ կան, որոնց դեպքում արդյունքն ավելի մեծ է: Գիտեք, պարտադիրների լիմիտը մի տեսակ արդեն սպառվում է: Եկեք անկեղծ խոսենք: Պարտադիր մենք վճարում ենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Կամավոր-պարտադիր: Բայց բոլորս գիտենք՝ որ և´ պետական, և´ մասնավոր հիմնարկներում պարբերաբար, եղբայրաբար խորհուրդ է տրվում Հայաստան հիմնադրամին վճարել: Մենք գիտենք, որ 2-3 տարի առաջ մտավ պարտադիր կուտակայինը: Այն ժամանակ էլ էինք ասում, որ պարտադիրը այնքան էլ լավ բան չէ: Եթե լավ բան է, անունը դնենք կամավոր և հասարակությանը բացատրենք, որ սա շատ լավ բան է: Չարեցի՛նք: Հիմա 20-25 հազար պարտադիր ենք մուծում: 2-3 տարի առաջ այդ 20-25 հազարից 5 հազարը գնար բանակին՝ լավ չէ՞ր լինի։ Լա՛վ կլիներ, բայց ո՞վ էր մեզ լսում:

Նույնը՝ արագաչափերը: Ես լսում էի՝ իմ գործընկերները պաշտպանության նախարարին ասում էին՝ արագաչափերի, կարմիր գծերի գումարը գնա բանակին, Վիգեն Սարգսյանը՝ որպես գերատեսչության ղեկավար, իհարկե ճիշտ է ասում, ասում է` ես համաձայն եմ: Սիրելինե՛րս, 3-4 տարի առաջ մենք և մեր գործընկերները պայքարում էինք, որ այդ կարմիր գծերը և արագաչափերի գումարները չգնան մասնավորին: 3-4 տարի առաջ ասեիք` գնային բանակին: Ո՞ր մեկս դեմ կլիներ: Թե՞ այն ժամանակ բանակը գուրգուրանքի, ուշադրության կարիք չուներ, կամ մենք չգիտեինք, որ Ադրբեջանը ռազմատենչ է:
Մենք պետք է հասկանանք, որ մեծ գումարների համար տնտեսությունը պետք է զարգանա: Եթե մենք չկարողացանք Հայաստանի տնտեսությունը զարգացնել, դնել ճիշտ ճանապարհի վրա, ինչքան էլ գումար ճարենք, մեկ է` չի հերիքելու: Այն, որ մեր բանակին պետք է գումար, հստակ է:

Եթե այս օրինագիծը բերվեր ապրիլի 20-ին, այստեղ լրիվ ուրիշ տրամադրություն կլիներ: Մենք կասեինք՝ 1000-ը քիչ է, եկեք 10 հազար սարքենք: Խնդիրն այն է, որ Հայաստանում կա վստահության դեֆիցիտ: Այսօր շատ հարցերում կա վստահության պակաս: Իրականությունն այն է, որ Հայաստանն առաջիկա տարիներին ստիպված է լինելու գնալ ոչ պոպուլյար քայլերի տնտեսության, բանակցություններում և կյանքի այլ ոլորտներում: Եթե մենք չունենանք հանրային վստահություն ունեցող իշխանություն, ցանկացած գաղափար` նույնիսկ շատ լավը, բերելու է կոնֆլիկտային քննարկումների:

Ես կոնկրետ այս օրինագծի վերաբերյալ ունեմ 2 առաջարկ: Առաջին` օրենքը վերաբերի միայն 100 հազար դրամ և ավելի ստացողներին: Իսկապես շատ դժվար է 70-80 հազար ստացողին ասել՝ 1000–ը տուր: Երեխայի փողը նույնքան կարևոր է, որքան ազգ-բանակ հասկացությունը; Հաջորդը` այնուամենայնիվ, եթե գնում ենք պարտադիրի ճանապարհով, սահմանենք մինիմալ շեմ` 500-1500 դրամ: Պարտադիր լինի, բայց կամավորության սկզբունքով: Մարդուն թույլ տանք՝ նույնիսկ պարտադիրի մեջ ընտրության իրավունք ունենա: Գումարի առումով մի բան էլ ավելին կհավաքվի։

Եվ վերջում, պարոն Սարգսյա՛ն, ես մի բան եմ ձեզ ուզում ասել` արդեն սկսվել է ձեզ գովերգելու, քծնելու շքերթը: Նույն ձեռագիրն է, նույն մարդիկ: Այդպես շատ արագ կվարկաբեկվի այս գաղափարը: Դուք լուրջ մի ընդունեք դրանք: Իսկապես իրավիճակը լուրջ է, ուզում ենք լուրջ գործ անենք:

Մենք չսահմանափակվենք այդ գումարներով Հայաստանի սահմաներում: Ապրիլյան դեպքերից հետո բացառիկ հնարավորության կա համահայկական խնդիր սարքելու: Գտնենք դրա օպտիմալ ձևը: Պետք է գտնել մեխանիզմը, որ ամեն ամիս մարդիկ աշխատավարձերից մատչելի ձևերով մուտք անեն այս հիմնադրամ: Պետք է այնպես անել, որ այս գաղափարը մտնի Սփյուռքի բոլոր համայնքներ:
Եթե մենք կարողացանք բանակի աջակցության գաղափարը սարքել հայ ժողովրդի թիվ մեկ խնդիրներից, ապա մենք կհամարենք, որ մեր պետականության կայացման 25-րդ տարուց սկսած՝ արել ենք չափազանց կարևոր գործ»:

Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը