Քաղաքական

15.11.2016 16:15


Ե. Բոզոյան. «Տպավորությունն այնպիսին է, թե ադրբեջանական կողմը պայմանավորվածություն ունի Պուտինի հետ»

Ե. Բոզոյան. «Տպավորությունն այնպիսին է, թե ադրբեջանական կողմը պայմանավորվածություն ունի Պուտինի հետ»

–Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները, իմ կարծիքով, այսօր սառեցված են։ Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը խիստ մտահոգվեց, որ այդ հակամարտությունը կրկին չտաքանա, և մի քանի հանդիպումների շնորհիվ այն կարողացավ, ինչ–որ իմաստով, բնականոն հունի մեջ գցել,– նոյմեբերի 15–ին լրագրողների հետ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ հակամարտությունն այն վիճակում է, ինչ որ մեկ տարի առաջ, և մինչև ընտրությունները նոր զարգացումներ չի տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ։

Երվանդ Բոզոյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ սպասումներ ուներ, որ ապրիլյան պատերազմը կկարողանա կապիտալիզացնել և զիջումներ կորզել հայկական կողմից։

–Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանը Ալիևը գրեթե չէր թաքցնում, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեն համաձայնություն այն մասին, որ հայկական կողմը պետք է գնա զիջումների։ Հայաստանում դիվանագիտական կորպուսի հետ շփումները նույնպես այդպիսի միտում էին ցույց տալիս. փաստացի խնդիր էր դրված ինչ–որ մի փոխզիջումային տարբերակ։ Սակայն դրանք մնացին միայն որպես խոսակցություններ ՊՊԾ գնդի հայտնի պատմությունից հետո,– պարզաբանել է Բոզոյանը։

Նա նշել է, որ այժմ միջազգային հանրությունն այլ խնդիրներով է զբաղված՝ կապված Եվրոպայում և ԱՄՆ–ում տեղի ունեցող մեծ փոփոխությունների հետ, և այդ պատճառով էլ, ըստ էության, ժամանակ չունի զբաղվելու ղարաբաղյան խնդրով։

–Հատկապես Քերրիի այն հայտարարությունից հետո, որ կոնֆլիկտը գրեթե սառեցված է կողմերի՝ փոխզիջումների գնալու քաղաքական կամքի բացակայության պատճառով, Ալիևը խիստ դժգոհ է և այսօր փորձելու է ֆորսմաժորային քայլերով նորից տաքացնել իրավիճակը, որպեսզի այս տարածաշրջանը կրկին հայտնվի հանրության ուշադրության կենտրոնում,– ընդգծել է բանախոսը։

Նրա կարծիքով տպավորությունն այնպիսին է, թե ադրբեջանական կողմը պայմանավորվածություն ունի Պուտինի հետ, և կարծես նրանք ունենան վերջնաժամկետ, որից հետո միայն կսկսեն գործողությունները։

–Իմ տպավորությամբ՝ այդ վերջնաժամկետը Հայաստանում ընտրություններից հետո է լինելու,–եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը