Քաղաքական

15.11.2016 12:59


Ստեփան Մարգարյան. «Միլիարդավոր գումարներ են հավաքվում, իսկ ապրիլյան դեպքերի հետևանքները վերացնելուն դա չի ուղղվում»

Ստեփան Մարգարյան. «Միլիարդավոր գումարներ են հավաքվում, իսկ ապրիլյան դեպքերի հետևանքները վերացնելուն դա չի ուղղվում»

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հարց է ուղղել օրենքի նախագծի հարակից զեկուցող ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:

«Տա՛ Աստված՝ հունվարից հետո որևէ դեպք չլինի երկրում, և մենք չունենանք օժանդակության ենթակա զինվոր: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ այդ հաշվեհամարին մի քանի ամիս հետո միլիարդավոր դրամներ են կուտակվում, բայց ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք բազմաթիվ հաշմանդամներ, զոհեր, ընտանիքներ, ովքեր այդ գումարից չեն օգտվելու: Սա մի քիչ անհասկանալի է դառնում, թե ինչու: Գիտեմ, որ ասելու եք՝ գումար չկա, չի հերիքում, չի բավարարի, բայց երբ մենք սկսում ենք այսպիսի գործընթաց, ես կարծում եմ՝ պետք է բոլորին ինչ-որ ձևով հասցնենք: Եթե պետության ֆունկցիաները մենք փորձենք դասակարգել ըստ առաջնահերթության, շատ դժվար է, բայց կարծում եմ՝ ամենակարևորների մեջ լինելու է անվտանգության ապահովումը... Կարծում եմ՝ կարելի է գտնել միջոցներ նաև բյուջեից, եթե աշխատենք այդ ուղղությամբ և այս հիմնադրամից: Ինչո՞ւ չենք անդրադառնում ապրիլյան դեպքերին և դրանից առաջ:

Եվ երկրորդ՝ նպատակահարմար է այն մեխանիզմը, որով պատրաստվում ենք անել դա, որովհետև պետությունն, այնուամենայնիվ, ունի ինստիտուտներ՝ նման տիպի ծրագրեր իրականացնելու համար: Այդ ինստիտուտները կան, նախարարություն ունենք, և մեխանիզմներն իրենց ենթակառուցվածքներով ունենք: Նպատակահարմա՞ր է արդյոք ստեղծել բոլորովին նոր կառույց, որը զբաղվելու է նույն այդ գործառույթով, և ինչ-որ իմաստով չի՞ ստվերում արդյոք մինչ այդ գործող պետական մեխանիզմը: Ինչո՞ւ հնարավոր չէր սա բյուջեում անել, ՊՆ-ում կամ այլ նախարարությունում առանձին տողով, առանձին հաշվեհամարով և անել արդեն գոյություն ունեցող կառույցներով»,-
հարցադրեց նա:

Ի պատասխան՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ հարցերը քննարկվել են հանձնաժողովում. «Հանգամանորեն թե՛ նախարարը, թե՛ ես՝ հարակից զեկուցողը, պարզաբանել ենք, թե ինչու է պետք այսպիսի հիմնադրամի և այսպիսի ինստիտուցիոնալ կառավարման ստեղծումը: Մենք շատ կարճ ժամանակ անց քննարկելու ենք 2017թ. պետական բյուջեի նախագիծը, և, բնականաբար, նախագծի քննարկման շրջանակներում կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունենք՝ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրները լուծելու համար»,-ասաց Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ եթե հիմնադրամն ունենա լրացուցիչ գումարներ, կօժանդակվեն նաև մինչ 2017 թ. հունվարի 28-ը տուժածները:

«Մենք գիտենք աշխատողների թվաքանակը. մի քանի ամիս հետո այնտեղ մի քանի միլիարդ գումար է հավաքվելու: Տա՛ Աստված՝ հունվարից հետո ոչինչ չլինի, որևէ դեպք չունենանք, բայց միլիարդավոր գումարներ են հավաքվում, իսկ ապրիլյան դեպքերի հետևանքները վերացնելուն դա չի ուղղվում: Սա արդար չէ. գոնե ապրիլյան դեպքերը կարևոր են»,-արձագանքեց պատգամավորը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը