Կարծիք

14.11.2016 16:51


Գողացար բռնվեցիր՝ ոչինչ

Գողացար բռնվեցիր՝ ոչինչ

Երկրի թալանը լոտո են դարձրել։ Ուրիշ կերպ անվանել ատոմակայանի գլխավոր տնօրենի դեմ դատարանի կայացրած որոշումը չեմ կարող։ Ուրեմն, լինում է չի լինում, մի Գագիկ Մարկոսյան է լինում, ով Մեծամորի ատոմակայանի գլխավոր տնօրեն էր աշխատում։ Եվ այս ոչ այնքան ճարպիկ պաշտոնյան իր նման մի քանի անձանց հետ որոշում և ատոմակայանից գողանում է 783 մլն դրամ։ Բայց քանի որ, ինչպես ասացի, Գագիկ Մարկոսյանը անփութության աստիճանի ճարպիկ չէր, նա բռնվում է։ Բռնում են Գագիկին ու ստիպում գումարը վերադարձնել։ իսկ հետո տեղի է ունենում դատը, և դատարանն էլ Գագիկ Մարկոսյանին դատապարտում է 7 տարվա ազատազրկման․․․պայմանական։

Հիմա սա ի՞նչ է նշանակում։ Գողացար բռնվեցիր՝ ոչինչ։ Պետութունը քեզ երկրորդ հնարավորությունն է տալիս։ Գումարը վերադարձրու ու մտածի՝ ոնց անես, որ հաջորդ անգամ չբռնվես։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք արդարադատության համակարգ չունենք. այն պարզապես գործիք է իշխանության ձեռքին։

Ասածիս վառ օրինակն է Խորենացի փողոցի դեպքերից հետո ձերբակալված երիտասարդների պատմությունը։ Հիշեցնեմ, որ հուլիսի 20-ի գիշերը տեղի ունեցած բախումներից հետո՝ ոստիկանության ու ցուցարարների միջև, ձերբակալվել էին մի քանի տասնյակ անձինք։ Ընդ որում, նրանց ակնհայտորեն շինծու և նույնիսկ զավեշտալի մեղադրանք է ներկայացված․ օրինակ՝ երիտասարդներից մեկին մեղադրում են 46 ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նույնիսկ այդ թվով գառների ֆիզիկապես չէի կարողանա վնաս հասցնել, էլ ուր մնաց՝ մինչև ատամները զինված ու զրահապատ ոստիկանների։

Եվ այդ երիտասարդները բոլորը հիմա էլ կալանավայրում են գտնվում, հետաքննությունը անց է կացվել բազմաթիվ խախտումներով, դատական լսումներն էլ անընդհատ հետաձգվում են։ Եվ ես մի տեսակ չեմ հավատում, որ այդ մարդկանցից որևէ մեկի նկատմամբ պայմանական պատիժ կկիրառվի։ Դե, նրանք պետութունից հարյուր միլիոնավոր դրամներ չեն գողացել, այլ փորձել են պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները։ Իսկ դա, ինչպես պարզվում է, մեր երկրում ծանր հանցագործություն է՝ ի տարբերություն խոշոր գումար գողանալուն։

Հ․Գ․ Ասում եմ՝ ես էլ գնամ, փորձեմ մի բան տանեմ․․․տարա տարա, իսկ եթե չստացվի, կլինի՞ ես էլ տարածս վերադարձնեմ ու հանգիստ իմ համար շարունակեմ ապրել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը