Տնտեսական

10.11.2016 16:33


Յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կպահվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար

Յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կպահվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք):

Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Այն կմիավորի և պետությունից, և հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները և իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը