Լրահոս

10.11.2016 16:15


Ռիժկով. «Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական կյանքն է»

Ռիժկով. «Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական կյանքն է»

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հանձնաժողովի 28-րդ նիստի շրջանակում անդրադարձել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն։

–Բոլոր երկրներն էլ զենք են վաճառում, հետո՞ ինչ: Դա չի նշանակում, թե Ռուսաստանը հատուկ վաճառում է նրա համար, որ Ղարաբաղում կռիվ լինի,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է Ռիժկովը։

Նրա խոսքով՝ պետք է արագ լուծել ԼՂ հարցը, որպեսզի ամեն ինչ իր տեղում լինի:

Ռիժկովը խոսել է նաև ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի մասին։

–Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական կյանքն է: Բնակչության 30 տոկոսն աղքատ է: Դա վատ է…նոր վարչապետ ունեք, նոր թիմ է հավաքվել: Հուսով եմ՝ կգտնեք տնտեսությունը զարգացնելու ուղին:

Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին՝ Ռիժկովը նշել է, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը սատարել է Դոնալդ Թրամփին:

–Քլինթոնն ակնհայտ հակառուսական դիրքորոշում էր որդեգրել և հայտարարում էր, որ Ռուսաստանը վատն է, որ մեր երկրի ղեկավարությունը վատն է: Մեզ մոտ նրա հանդեպ «հակաթույն» էր ձևավորվել, իսկ Թրամփը ագրեսիվ հայտարարություններ չի արել,- ասել է Ռիժկովը՝ հավելելով, որ Ուկրաինայում էլ աղոթում էին, որ ԱՄՆ նախագահ ընտրվի Հիլարի Քլինթոնը։

Նա հույս է հայտնել, որ Թրամփի ընտրվելով ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները կբարելավվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը