Քաղաքական

10.11.2016 14:00


Շ. Քոչարյան. «Թրամփի ընտրվելու կապակցությամբ չեմ կարծում, որ մտահոգվելու առիթ կա»

Շ. Քոչարյան. «Թրամփի ընտրվելու կապակցությամբ չեմ կարծում, որ մտահոգվելու առիթ կա»

Նոյեմբերի 10–ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը չունի՞ մտահոգություն, որ Թրամփի ընտրվելով՝ մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում այլևս այնպես չի լինի, ինչպես որ հիմա է, նշել է, որ կարիք չկա լուրջ մտահոգվել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա։

Անդրադառնալով Հայաստանում հնչած այն կարծիքներին, թե ԱՄՆ դերակատարությունը կթուլանա, Շավարշ Քոչարյանն ասել է, որ, ամեն դեպքում, իրենք գործ ունեն կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, նախապես ունեցած մոտեցումներով ու ծրագրերով։

Հարցին՝ տարիներ առաջ ԼՂՀ–ին վերաբերող հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել էր, որ ինքը տեղյակ չէ այդ խնդրի մասին, արդյոք դա մտահոգիչ չէ՞ հայկական կողմի համար, փոխնախարարը պատասխանել է.

–ԱՄՆ–ը կայուն համակարգ ունեցող երկիր է՝ իր ինստիտուցիոնալ հիշողությամբ, փորձագետներով, կառույցներով։ Այնպես որ, դա խնդիր չէ. պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում, այլ բան է՝ ընտրվելուց հետո: Դրա համար համապատասխան կառույցներ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը