Քաղաքական

08.11.2016 11:07


Համանախագահներն անհամբերությամբ սպասում են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը

Համանախագահներն անհամբերությամբ սպասում են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ:

«Կարևոր է, որ կողմերը համանախագահների հետ զրույցներում, բանակցային սեղանի շուրջը միմյանց հետ շփվելիս հուսով են արտահայտվում առաջարկների ու գաղափարների, ինչպես նաև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին»,-ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուորլիքը:

Նա հավելել է, որ անհամբերությամբ են սպասում Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը՝ երկխոսությունը շարունակելու համար։

«Պատրաստ ենք աշխատել կողմերի հետ հակամարտության բազմակողմանի կարգավորմանը հասնելու համար»,- հավելել է նա:

Նշենք, որ Համբուրգում կայանալու է ԵԱՀԿ անդամ-պետությունների արտգործնախարարների Խորհրդի նիստը:

Ի դեպ, Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունում վրա է հասել լճացման ժամանակաշրջանը».

«Հույսեր ունեինք, որ կարելի է հասնել բեկման, և ընթանում ենք այդ ուղղությամբ։ Լավատեսություն էր ներշնչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորչությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների հանդիպումը»,–ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է Համբուրգում տեղի ունենալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Նաև ընդգծել է, որ կցանկանային՝ լիներ դրական ոգի, «բայց չի ստացվում»։

Ջենտիլոնին իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը 2018 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում, որի ժամանակ պատրաստ է ջանքեր գործադրել բոլոր սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ.

«Իտալիան նաև մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՀԿ տիրույթում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017–ին Իտալիան ընդգրկվելու է ԵԱՀԿ «եռյակում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը