Կարծիք

08.11.2016 10:55


Վահե Հովհաննիսյան. «Քննարկումների որակը լուրջ խնդիր է»

Վահե Հովհաննիսյան. «Քննարկումների որակը լուրջ խնդիր է»

Գյումրիի օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության հնարավոր թռիչքների վերաբերյալ մեկնաբանությունները և վերլուծություններն ուղղակի ապշեցնում են։

Դրանք հնչում են թե՛ քաղաքական դաշտից, թե՛, իբր, մասնագիտական, թե՛ փորձագիտական։ Ու բոլորը՝ դեմ։

Նման ոչ ադեկվատ ռեակցիա ունենում են պետություն չունեցող ազգերի ներկայացուցիչները։ Որովհետև պետություն ունեցողները գիտեն, որ աշխատող օդանավակայանն ավելի լավ է, քան չաշխատողը, որ թռիչքների առկայությունն ավելի լավ է, քան բացակայությունը, որ էժան գինն ավելի լավ է, քան թանկը։

Ինչ ասես՝ չասացին՝ է՛լ ռուսական կայսերապաշտական քաղաքականություն՝ ուղղված Գյումրիի հայաթափմանը, է՛լ արտագաղթի խթանում, է՛լ «Պոբեդայի» վատ համբավ, է՛լ չգիտեմ՝ ինչ։ Թեպետ, կարծում եմ, բոլորն են տեղյակ, որ էժան արտագաղթելու համար վաղուց գործում են բազմաթիվ ավտոբուսային երթուղիներ։ Արտագաղթը կասեցնելու համար ճանապարհները չեն փակում, այլ ստեղծում են այնպիսի միջավայր, որ մարդիկ ցանկանան մնալ երկրում։

Իսկ իրականությունն այն է, որ եթե ստացվի այդ չվերթը, կսկսի գործել Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին ակտիվություն կբերի քաղաքին։ Կաշխատեն նոր տրանսպորտային միջոցներ, գծեր, նոր սրճարաններ, հյուրանոցներ։ Ջավախքից և հարակից շրջաններից մեծ թվով մարդիկ կօգտվեն դրանից։ Արտագնա աշխատողներն ավելի հեշտ տարբերակ կունենան տուն գալու, հարազատներին այցելելու։ Շիրակի մարզից մարդիկ ստիպված չեն լինի գալ Երևան։ Իսկ դա նշանակում է կյանքի որոշակի ակտիվացում Գյումրիում։ Փոխանակ հարց տանք՝ ինչու երկար տարիներ չի արվել սա, փոխանակ մտածենք, թե ինչ նոր ավիաընկերություններ կարող ենք բերել Գյումրի, թե մրցակցության ինչ հնարավորություններ կան «Զվարթնոցի» հետ, որպեսզի այլ ավիաընկերությունների գներն իջնեն, փոխանակ մտածենք, թե շրջափակման մեջ գտնվող Հայաստանում ավիացիայի զարգացման ի՛նչ հնարավորություններ կարող են լինել, զբաղված ենք անհասկանալի է՝ ինչով։ Ես ցավով եմ նշում, որ նման մտքերը հնչում են նաև ոչ իշխանական դաշտից։

Ու այդպես շատ ու շատ հարցերում։ Գրեթե բոլոր։ Իսկապես առաջ գնալու համար Հայաստանում պետք է տեղի ունենա քաղաքական-հասարակական էլիտաների փոփոխություն։ Այսպիսի մտածողությամբ Հարավային Կովկասում չես կարող պետություն ունենալ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը