Մեկնաբանություն

06.11.2016 08:00


Տևական անգործության «արգասիք»

Տևական անգործության «արգասիք»

ՀՀԿ առաջնորդն ակնհայտորեն «մրցավազքի» մեջ է մտել Ստալինի հետ՝ իշխանությունը պահելու ռեկորդային ցուցանիշներ խփելու առումով: Դե, հո Շարմազանովը երկու տարի առաջ հենց այնպես չէ՞ր ասում, որ առաջիկա տասնամյակներն էլ են «մերը լինելու» և ովքեր ցանկանում են նախագահ ու վարչապետ լինել, պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով: Ստալինը 33 տարի բռնությամբ պահեց իշխանությունը (չմեռներ՝ էլի կպահեր), իսկ Սերժ Սարգսյանը, կարծես, թե մտադիր է մինչև 2030 թվականը երկրի ղեկը ոչ ոքի չզիջել:

Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել կարճ ելույթով: Խոսել է սահմանադրական «բարեփոխումների» արդյունավետ իրականացման գործում կանանց դերի կարևորության, քաղաքական կյանքում կանանց լիարժեք ներգրավվածության և նման բաների մասին: Նա վստահեցրել է, որ մեր կյանքը օրեցօր բարելավվելու է ու Հայաստանն էլ ուժեղ և բարեկեցիկ երկիր է լինելու: ՀՀԿ ղեկավարը ասել է, թե առաջիկա երկու-երեք տարիները լինելու են բեկումնային և ՀՀԿ-ական կանանց առաջարկել է. «Նաև առաջարկում եմ, որ ընդարձակենք մեր հորիզոնը և նայենք այդ երկու-երեք տարուց անդին: Շատ ուրախ կլինեմ ծանոթանալու ձեր գաղափարներին և տեսլականին ավելի երկարաժամկետ կտրվածքով: Եկեք միասին մտածենք, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը մինչև 2020, կամ 2030, կամ նույնիսկ 2040 թվականները: Թող դրանք լինեն հստակ նպատակներ և դրանք իրականություն դարձնելու համար հատուկ մշակված ծրագրեր: Վստահ եմ, որ ձեր կազմակերպությունն ունի նման աշխատանք կատարելու ներուժ»:

Որ ՀՀԿ-ի և նրա նախագահի իշխանության մնալու դեպքում մեր կյանքը չի բարելավվելու, դա հաստատ է և ապացուցման կարիք չունի: Անցած տարիներին հայացք նետելու կարիք էլ չկա, ներկա իրավիճակը այդ իշխանության տևական անգործության «արգասիքն» է: Բայց որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կանանց առաջարկում է մտածել երկարաժամկետ կտրվածքով, «տեսլականը» ձգել նույնիսկ մինչև 2030 թվականը, սա արդեն աբսուրդի ժանրից է:

2008-ին նա ոչ ոքի չէր առաջարկում մտածել, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը հետագա տարիներին, իսկ հիմա «հանկարծ» որոշեց «մտահոգվել» երկրի ապագայով: Արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը «եթե»-ներով էր խոսում՝ ասելով, թե 2017-ի ընտրություններում եթե ՀՀԿ-ն «լավ քվե ստանա...»: Հիմա արդեն «եթե» չկա, միանգամից առաջարկում է մտածել երկարաժամկետ կտրվածքով, նույնիսկ մինչև 2030 թվականը: Այսինքն՝ արդեն գիտի՞, որ 2017-ին «լավ քվե են ստանալու», որ հերմինենաղդալյանների և հրանուշհակոբյանների դեմքերով լեցուն դահլիճին նման «հանձնարարական» է տալիս:

Հուսով ենք 2017-ին ժողովուրն իր ընտրությամբ ՀՀԿ-ին կազատի «երկարաժամկետ տեսլականի» մասին մտածելու հոգսից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը