Մեկնաբանություն

05.11.2016 00:10


Ո՞ւմ համար է պետբյուջեն

Ո՞ւմ համար է պետբյուջեն

Ուշագրավ միտում է նկատվում: Երկրի ղեկավարությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ երկրում կուտակված բոլոր խնդիրները պետք է լուծվեն բարեգործների միջոցով: Առաջնորդվում են «Բյուջեյի փոխարեն բարեգործություն» նշանաբանով:

Ամեն հարցում հանկարծ ինչ-որ նախաձեռնություններ են ծլում ու հայտարարում, թե եկեք փող հավաքենք ու լուծենք այս կամ այն խնդիրը: Կոչ ու հայտարարություն են տարածում, սոցցանցերում ակտիվ քարոզչություն են իրականացնում, այս կամ այն խնդրի լուծման համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով դիմում են ժողովրդին: Բյուջեն «հանգիստ են թողել» և զարկ են տվել բարեգործությանը:

Հիշում եք՝ ապրիլյան պատերազմի օրերին, երբ դպրոցներից, բուհերի ուսխորհուրդներից մինչեւ հասարակական կազմակերպություններ ու տարանուն նախաձեռնություններ լծվել էին դրամահավաքության գործին: Նույնպիսի բարեգործական ակցիաներ կազմակերպեց ինչ-որ խումբ՝ Գյումրիում անօթևաններին բնակարանով ապահովելու խնդիրը լուծելու նպատակով:

Հիմա էլ մի ուրիշ «լուսավոր» բան է ստեղծվել՝ «Լուսավոր սահման» նախաձեռնություն: Այս «կամավորական» կոչված նախաձեռնության նպատակն էլ այն է, որ բարեգործական ակցիաների միջոցով սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպեր տեղադրվեն: Եվ դարձյալ դիմում են բնակչությանը եւ նշում գումարի տարբեր չափեր. օրինակ՝ 2500-5000 դոլար հավաքվելու դեպքում կլուսավորենք Տավուշի մարզի մի ամբողջ գյուղ: Ա՛յ քեզ բա՜ն: Տարվա մեջ մի քանի անգամ իշխանավորներն իրենց 100-200 միլիոն դրամ արժողությամբ «պադավատներով» հասնում են սահմանագոտի, կամուֆլյաժ են հագնում և սելֆի են անում, իսկ սահմանամերձ բնակավայրերի լուսավորման հարցն էլ պետք է ժողովուրդն իր գրպանից հոգա:

Այս մասին տեղեկանալուց հետո լսեցի ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա էլ լրագրողներին է ասում, թե գնացեք սիրիահայերի համար գործատեղ գտեք: Սփյուռքի նախարարի մնացած հայտարարություններն էլ պակաս ապշեցուցիչ չեն: Տիկին Հակոբյանն էլ է զարմանում, թե ի՞նչ է, հո ամեն բան պետբյուջեյի միջոցներով չի՞ լուծվելու: Ինչպես, օրինակ, ռումբերի տակ ապրող, ամեն ինչ կորցրած սիրիահայությանը հայրենիք տեղափոխելու հարցը: Ինքը գտել է բարեգործական կազմակերպությունների, ու նրանք լուծում են այդ հարցը, և, ընդհանրապես, բարեգործների հետ կապի մեջ է (է՛հ, եթե դա է Հրանուշ Հակոբյանի անելիքը, հենա ԱԳՆ-ում Սփյուռքի վարչություն կա, նույն բանն այդ վարչությունը կաներ, ոչ թե մի ամբողջ նախարարություն կստեղծեին):

Բայց զամանալին այն է, որ այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդամենը 428 սիրիահայ է ժամանել Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ 47: Դե, պետությունը ե՞րբ է ներգաղթը խրախուսել և այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները վազելով գան տուն: Անգամ պատերազմի մեջ գտնվող երկրից չեն գալիս: Մինչդեռ, գոնե Սիրիայից պետք է հազարներով գային ու լցվեին հայրենիք:

Անգամ Հրանուշ Հակոբյանն է նկատում, որ ռումբը գցելու պահին ուզում են գալ Հայաստան, իսկ երբ այդ պահը անցնում է, փոշմանում են: Փոշմանում են, որովհետև գիտեն այստեղ տիրող վիճակը, տարիներով կուտակված և չլուծված խնդիրները, որոնք, պարզվում է, բարեգործական ակցիաների շնորհիվ պետք է լուծվեն:

Մեկը լինի՝ օրվա հացը մի կերպ հայթայթող ՀՀ քաղաքացուն փող տա. նա ինչպե՞ս կարող է բարեգործություն անել: Կամ այդ դեպքում ինչի՞ համար է պետբյուջեն: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ համար է: Շատ հետաքրքիր է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը