Մեկնաբանություն

04.11.2016 00:05


Նահատակների մահվան տարելիցին՝ ապրիլյան ընտրություններ

Նահատակների մահվան տարելիցին՝ ապրիլյան ընտրություններ

Իշխանական գործիչներն այնքան հեշտությամբ են ասում՝ «Ապրիլյան ընտրություններից հետո եթե մենք հասնենք հաջողության...»:

Չէ, խոսքը հաջողության հասնելու մասին չէ, այլ «ապրիլյան ընտրություններ» բառակապակցության, ինչն այնքա՜ն թեթևաշունչ ու սահուն արտասանում են: Կարծես, ոչինչ էլ չի եղել 2016-ի ապրիլի առաջին օրերին, կարծես այդ դժնդակ չորս օրերին 100 զոհ չենք տվել, և, ընդհանրապես, ապրիլյան պատերազմ չի եղել, ոչ էլ տարածք ենք կորցրել: Եվ հիմա իշխանությունը պատրաստվում է 2017-ի նույն այդ օրերին ընտրություններ անցկացնել: Նման դեպքերում սրբորեն պահպանում են օրենքի տառը և առաջնորդվելու են նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված համապատասխան հոդվածով (օրենսգիրք, որի թանաքն էլ դեռ չի չորացել):

Իշխանությանը քիչ է հետաքրքրում, որ հաջորդ տարվա ապրիլյան առաջին օրերին մեր նահատակների մահվան տարելիցն է: Մի կողմից մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակն են հարգելու, մյուս կողմից՝ ընտրական բուն գործընթացի մեջ ենք լինելու: Որքանո՞վ է սա բարոյական: Բայց դե, բարոյականությունը երկրի «ղեկավարություն» կամ «իշխանական դաշտ» կոչվածում տեղ չունի: Նրանք չեն էլ ցանկանում քննարկել անգամ ժամկետի հետաձգման հարցը (իբր, ոչ մի գործընթացում խախտումներ չեն արել, այս մեկում էլ պետք է խախտումներ թույլ չտան):

Պատկերացրեք զինվոր կորցրած ընտանիքների և նրանց հարազատների վիճակը: Մի՞թե նրանք իրենց զավակների մահվան տարելիցը թողած՝ պետք է գնան ընտրատեղամասեր (կապ չունի՝ ապրիլի 2-ին, թե ապրիլի 9-ին կանցկացվեն ընտրությունները): Իսկ գուցե իշխանության ուզածն էլ հենց դա՞ է. քվեարկությանը որքան քիչ մարդ մասնակցի, այնքան լավ:

Այնուհանդերձ, ծանր զգացողություններն այսօրվանից արդեն հանգիստ չեն տալիս մարդկանց, բոլորի՛ս: Ստացվում է, որ ապրիլյան պատերազմի օրերին, երբ ժողովուրդը ողբում էր յուրաքանչյուր զինվորի կորուստը, մեկ տարի անց նույն օրերին մասնակցելու է ընտրություններին, որը կազմակերպում է բահով և 80-ականների զենքով բանակ պահող իշխանությունը: Մի իշխանություն, որը մինչ օրս այդ զոհերի և կորցրած տարածքի համար պատասխան չի տվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը