Քաղաքական

01.11.2010 16:36


ԼՂՀ–ի ճանաչման կարիք, հնարավոր է, չլինի՞

ԼՂՀ–ի ճանաչման կարիք, հնարավոր է, չլինի՞

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդիրներին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե ղարաբաղյան հարցի շուրջ առանձնապես նոր իրադարձություններ չեն ծավալվում, և հիմնական իրադարձությունն էլ հենց դա է։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Աստրախանում կայացած և Աստանայում կայանալիք հանդիպումներին, Վ. Հովհաննիսյանն ասել է, թե Աստրախանի հանդիպումն ավելի շատ հումանիտար բնույթ էր կրում, ինչը ողջունելի է, սակայն քաղաքական բնույթի լուծում չի երևում։ Ինչ վերաբերում է Աստանային, նա նշել է, որ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է։

Այս համապատկերին  նա անդրադարձել է Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններին և նշել, որ սակավաթիվ, ջլատված ու փշուր-փշուր եղած ադրբեջանական ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է, թե իշխանութունները պատրաստ են կեղծել ընտրությունները, ինչը, սակայն, զարմանալի չէ։ Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ նույնիսկ հիմա՝ Ալիևի գերակշռող ուժերի պայմաններում, և՛ ընդդիմության, և՛ իշխանության նախընտրական բառապաշարում Ղարաբաղի նկատմամբ անթաքույց ագրեսիվություն և ապակառուցողականություն է նկատվում։ Նա նշել է, որ անգամ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համարում է, թե ղարաբաղյան հարցի լուծումը միայն պատերազմի մեջ է։

Մյուս կողմից, ըստ Վ. Հովհաննիսյանի, մեզանում կամաց-կամաց գիտակցվում է այն սարսափելի սխալը, որ կատարվել է վերջին տասնամյակի ընթացքում՝ 1994թ. զինադադարից հետո. 1998թ. Հայաստանում մասնակի իշխանափոխությունից հետո իշխանության որոշ շրջանակներ տպավորություն էին ստեղծում, թե մենք այնքան դրական, ճիշտ, արդար և հաղթող դիրքի վրա ենք միջազգային ասպարեզներում, որ կարիք չունենք շատ խորանալու քարոզչության մեջ, մեր դիրքը բացատրելու և այլն։

Այնինչ, քո ճշմարտացիությունն ապացուցել միշտ է հարկավոր, քանի որ փոխվում են ժամանակները, պատգամավորները և այլն։ Նրա խոսքերով՝ օրինակ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում 10 տարվա մեջ փոխվել է պատգամավորների գրեթե ողջ կազմը, նոր մարդիկ են եկել՝ նոր շահերով, նոր կապերով ու նոր պարտավորությունններով, և նրանց հետ ևս պետք է աշխատել։

-Մի քիչ արթնացանք, իհարկե, ԵԽ-ում Կիրիլովի ներկայացրած զեկույցից հետո։ Սակայն մինչև Կիրիլովի այդ զեկույցը, այդպիսի բանաձևեր կազմելու առնվազն 4 նման նախաձեռնություն եղել է, և դրանց դեմն առել են Հայ Դատի մեր գրասենյակները։ Բայց մեր ուժերն անսահմանափակ չեն,-ասել է նա։

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ այս հարցում խանդի տեսարանները, իրար նկատմամբ անհանդուրժողականությունը և անհամաձայնությունները պետք է մի կողմ դրվեն, և աշխատանք տարվի այն ծրագրի շուրջը, որն իրենք պայմանականորեն, լայն իմաստով անվանում են ԼՂՀ միջազգային ճանաչում։

-Միջազգային ճանաչումը մեզանում շատերը հասկանում են շատ բառացիորեն՝ ՄԱԿ-ում ճանաչեն, Ղարաբաղը դառնա լիարժեք պետություն և այլն, և այլն։ Դա շատ արագ չի ստացվի, և դա փուլային ծրագիր է ու առանձին քայլեր է պահանջում։ Այդպիսի քայլեր կարող են լինել քույր քաղաքների ստեղծումը, մշակութային և կրթական տարբեր ծրագրեր, որոնք ենթադրում են բազմաթիվ այցելություններ,-ընդգծել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ Ադրբեջանը ցանկացած միջազգային պաշտոնյայի այցելությանը այդքան ցավագին է վերաբերվում, որովհետև յուրաքանչյուր այդպիսի այցելություն օրինականացնում է Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն, ինքնակառավարվող հասարակություն։

Այդ ճանապարհը, սակայն, հասարակության մեջ ենթադրում է առնվազն այդ հարցի շուրջ համերաշխություն, որը վերջերս խաթարվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցության առաջարկած՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծով։ Նրա խոսքերով՝ այդ հարցում երկու կողմերն էլ՝ թե՛ կոալիցիան, թե ընդդիմությունը, սխալներ թույլ տվեցին։ Հասարակության մեջ այդ առումով առաջացավ բավական անառողջ մթնոլորտ, քանի որ ճիշտ չի գիտակցվում,  թե ի՞նչ է իրականում նշանակում ԼՂՀ-ի ճանաչումը։

-Ճանաչման պահանջը, որքան էլ արդար է, որքան էլ հասկանալի է, որքան էլ էմոցիոնալ իմաստով կարևոր է և անհրաժեշտ, միևնույն ժամանակ առաջացնում է որոշ հարցականներ։ Եթե դու ԼՂՀ-ն ճանաչում ես այսօր, միջազգային հանրության շրջանում հարց է առաջանում՝ ուրեմն դուք մինչև հիմա չէի՞ք ճանաչում, ուրեմն ի՞նչ է նշանակում Ձեր միջկառավարական բյուջեն, վարկի տրամադրումը, ընտրությունների ճանաչումը, միջխորհրդարանական հանձնաժողովը, կապերը և այլն,-ասել է Վ. Հովհաննիսյանը և նշել, որ այդպիսով մենք ինքներս կարող ենք հայտնվել բավական տարօրինակ վիճակի մեջ, քանի որ առաջացած մի շարք հարցերի պատասխանները պետք է պարզ լինեն առաջարկողների համար։- Հավանաբար մեծամասնության համար դրանք պարզ չեն, դրա համար էլ նրանք այդ խնդրին վերաբերվում են որոշակի զգուշավորությամբ։

Այս ամենի լուծումը, նրա խոսքերով, կար. ՀՅԴ-ն ներկայացրել է, և այժմ էլ այն ԱԺ մեծ օրակարգում է, ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը, որով առանց իրավաբանական սայթաքելի ձևակերպումների տրվում էին բոլոր հարցերի պատասխանները։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ մտնում ենք մի փուլ, երբ մեր դիվանագիտական ու քարոզչական աշխատանքն անընդհատ դժվարանալու է, քանի որ քանակական առումով մենք երբեք չենք կարողանա հաղթել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Այդ իսկ պատճառով մեր հաղթանակի միակ հնարավորությունը մեր աշխատանքի որակի բարելավումն է։

«Վերջիվերջո մի օր Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Ձեր նշած հարցերն այդ ժամանակ չե՞ն առաջանա» դիտարկմանը Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.

-Ես վստահ չեմ, թե դրա կարիքը... Հնարավոր է, այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվի, որ դրա կարիքը երբեք էլ չլինի,-ասել է Վ. Հովհաննիսյանը և հիշեցրել, որ մի քանի տարի առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԼՂՀ հարցով զեկուցողը Գորան Լենմարկերն էր, ով իր զեկույցում նշել էր, որ ԼՂ-ն այնքան փոքր է, տնտեսապես տկար ու դեպի արտաքին աշխարհ քիչ ելքեր ունի, որ նրա անկախ գոյությունն իրենց շատ կասկածելի է թվում, սակայն կարող է լուծում լինել՝ Հայաստանի հետ նրա միավորումը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը