Կարծիք

03.11.2016 11:54


Փոքր ու միջին ձեռնարկատիրության անմխիթար վիճակը՝ թվերով (լուսանկար)

Փոքր ու միջին ձեռնարկատիրության անմխիթար վիճակը՝ թվերով (լուսանկար)
Փոքր ու միջին ձեռնարկատիրության անմխիթար վիճակը՝ թվերով: Գիտե՞ք՝ հետաքրքիրը որն է. ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում կտրուկ նվազել է այն պահից, երբ Կառավարությունը հայտարարեց այդ ոլորտին «աջակցելու» անհրաժեշտության մասին ու սկսեց միջամտել: Այսինքն, մինչ այդ էլ էին աջակցում, բայց դրա մասին այդքան չէին խոսում, աջակցությունն էլ, կարող ենք տեսնել, որ արդյունավետ էր:
Մինչ 2008 թվականը ՓՄՁ-ի մասնաբաժինը տնտեսության մեջ կայուն աճում էր՝ տնտեսության հետ: Կարող ենք տեսնել նաև, որ համաշխարհային ճգնաժամն էլ այդ ոլորտի վրա մեծ ազդեցություն չէր ունեցել, իսկ 2010-ից ՓՄՁ-ն սկսեց վերանալ:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կառավարության քայլերը ոչ միայն արդյունավետ չէին, այլ ուղղակի վնասում էին գործարարներին: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին մեզ և այդ գործարարներին համոզում, թե իրենք «լավ բան են անում», ձեռներեցներն էլ չեն հասկանում ու դրա համար են բողոքում: Դե տեսեք այդ ձեր «բարեփոխումների» արդյունքը: Հազիվ թե այս հարաբերակցությունը փոխվել է այն պատճառով, որ այդ ձեռնարկատերերը Կառավարության միջամտության արդյունքում կայծակնային արագությամբ հարստացել են ու դարձել խոշոր գործարար:

Սա ցույց է տալիս, որ «հեծանիվ հորինել» պետք չէ: Հարկային մախինացիաներով, շրջանառության հարկի շեմը փոքրացնելով ու գործարարին ճնշելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը չես նպաստի: Իսկ այս ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի. այն պետք է դառնա մեր տնտեսության դարբնոցը: Այդ ձեռնարկատերերին պետք է աշխատելու, զարգանալու հնարավորություն տալ, այլ ոչ թե նրանց ուսերին բարդել բյուջեն լցնելու և դրա միջոցով հարստանալու բեռը:

Քաղաքակիրթ աշխարհում ՓՄՁ-ի մասնաբաժինը հասնում է 40-50 տոկոսի ,և այդ ձեռներեցները վայելում են պետության իրական աջակցությունը: Նույն Եվրոպայում 40 մլն եվրո շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը փոքր ձեռնարկատեր է համարվում և օգտվում է համապատասխան արտոնություններից: Իսկ մեզ մոտ այնպիսի սահմանափակումներ են դրած, որ ամսական մի քանի հազար եվրո եկամուտ ունեցողին հարկում են՝ ինչպես «օլիգարխի»: Այս մոտեցումը պետք է փոխվի: Չի կարելի նման ձևով ճնշել մարդկանց, որոնք քաղաքակիրթ աշխարհում պետության հենասյունն են համարվում:
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը