Մեկնաբանություն

03.11.2016 09:55


ՀՀԿ նոփ-նորագույն պատմությունը

ՀՀԿ նոփ-նորագույն պատմությունը

Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ ԱԺ մշտական հանձնաժողովում և դրանից դուրս պատգամավորների ու լրագրողների հետ հարցուպատասխանի դրվագին: Երբ նախարարը շարունակ նույնն էր կրկնում («Մեր ծրագրերը նպատակային և հասցեական են»)՝ դրսևորելով տիպիկ չինովնիկի վարքագիծ: Այն է՝ խոսել մի 20 րոպե և ոչինչ չասել ըստ էության: Չէ, ոնց որ մի բան ասաց: Հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում նախատեսված չէ, բայց «մարդկանց կենսամակարդակը կբարելավվի»:

Աշխատավարձ ու թոշակ չի բարձրանալու, բայց լավ ենք ապրելու: Ինչպե՞ս:

«Հույսով ապրեք»,-խորհուրդ տվեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Դե, հույսը ձրի բան է. հո ծախս չե՞նք անելու, ձրի «առնելու» ենք հույսը և ապրելու ենք:

Այս ամենին էի ուզում անդրադառնալ, մեկ էլ տեսնեմ՝ Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի բացման թեմայով ասուլիս է տալիս: Աշոտյանի հայտարարություններից հասկացա, որ իսկապես նպատակային և հասցեական ծրագրեր են իրականացնում, հույսն էլ բոլ-բոլ է, ահագին ժամանակ կհերիքի դպրոցի ունկնդիրների ու դասախոսների համար՝ կենսամակարդակի բարելավման առումով:

Չափազանց խորհրդանշական է, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի պարապմունքներն սկսվում են նոյեմբերի 7-ից: Հիշում եք, չէ՞, դա ինչ օր էր: 1917 թվականի նոյեմբերի 7-ին Սանկտ- Պետերբուրգում տեղի է ունենում բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա, սկսվում է Հոկտեմբերյան հեղափոխությունը: Լսելով Աշոտյանին՝ համոզվեցի, որ 1917-ի և 2016-ի նոյեմբերի 7-երի միջև տարբերություն չկա: Մինչ այս էլ ՀՀԿ-ն գրոհում էր, բայց իր նորաբաց քաղաքական դպրոցով ավելի ուժգին է գրոհելու՝ փորձելով ցանկացած երիտասարդից «կերտել» հանրապետական:

Ըստ Աշոտյանի՝ իրենց քաղաքական դպրոցն արդեն 100 ունկնդիր ունի, որոնց 42 տոկոսը ՀՀԿ-ական է, և պատկերացնո՞ւմ եք՝ կան նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և անկուսակցականներ: Սրանք բոլորը գնալու են այդ դպրոց, որպեսզի սերտեն ՀՀԿ պատմությունը, ազգային գաղափարախոսությունը, ներքին և միջազգային օրակարգի մասին դասախոսություններ լսեն: «Դասախոսական բազայում» էլ մի 100 դասախոս կա:

Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀԿ պատմություն առարկայի դասավանդումն ինչ բան է: Դա նույնն է, ինչ ժամանակին Կոմկուսի պատմությունն էին պարտադրում ամենուր և մարքսիզմ-լենինիզմի ուսմունքն էին ակտիվորեն քարոզում: Փաստորեն, վերադառնում ենք «հին, բարի ժամանակներին», երբ պարտշկոլայով անցածներն էին կարիերային առաջխաղացում ունենում:

Ուրեմն, սոցիալ-տնտեսական խնդիրները մի կողմ թողած՝ սրանք զբաղված են ագիտպրոպով այն դեպքում, երբ ՀՀԿ նոփ-նորագույն պատմությունն ավելի քան հայտնի է բոլորին: Վերջին ութ տարիներին երկիրը գահավիժում է. այստեղ ի՞նչ դասախոսության նյութ կա, որը պետք է դասավանդեն: Չենք խոսում արդեն ազգային գաղափարախոսության մասին: Մի ուժ, որի գլխավոր գաղափարը թալանն ու կողոպուտն է, ինչի հետևանքով երկիրը դատարկվում է, այստեղ ի՞նչ ազգային գաղափարախոսության մասին կարելի է խոսել: Եվ ո՞վ է հավատացողը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը