Քաղաքական

02.11.2016 16:30


Խորենացի փողոցում ձերբակալվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախագահականի դիմաց (տեսանյութ, լուսանկար)

Խորենացի փողոցում ձերբակալվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախագահականի դիմաց (տեսանյութ, լուսանկար)

Այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում ՊՊԾ գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում ոստիկանների անհամաչափ գործողություններից հետևանքով կալանավայրերում գտնվող երիտասարդների ծնողները, բարեկամները և երեխաները:

Նրանց պահանջն է ազատ արձակել ապօրինաբար և անհասկանալի մեղադրանքներով ձերբակալված իրենց որդիներին:

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտում էին «Արյունահեղություն կանխող տղաներին չեն դատում...», «Հանցագործ մի՛ դարձրեք մեր տղաներին» պաստառներով:

Խորենացու դեպքերից հետո ձերբակալվել և արդեն 3 ամիս է՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում նստած է Գագիկի Միքայելյանը: Նրա մայրը` Անահիտ Պողոսյանը, «Zham.am»-ի հետ զրույցում պատմեց, որ որդին ապրիլյան պատերազմի մասնակից է, ունի մեկ անչափահաս երեխա:

«Ավագ դպրոցում պատմություն է դասավանդում տղաս: Իր խնամքի տակ ունի մեկ անչափահաս երեխա: Ապրիլյան պատերազմին առաջին իսկ օրվանից, առաջին գծում կանգնած, սատար էր կանգնում զինվորներին: Ինքն այդ թուղթն էլ ունի, ներկայացրել ենք պաշտպանին: Այդպիսի մարդկանց են երևի բռնում, որ իրենց ինչ-որ բանի մեջ չխոչընդոտեն»:

Անահիտ Պողոսյանի խոսքով՝ որդուն մեղադրում են քար նետելու մեջ: Մինչ այսօր արգելում են նրան տեսակցել:

«Ոչ մի արդյունքի չենք հասել, չեմ էլ ակնկալում, որ կհասնենք, որովհետև գիտեմ՝ ինչ պետության մեջ ենք ապրում, որ չկա ազատ խոսքի իրավունք, սահմանափակված են մարդկանց իրավունքները: Ոչ մի լավ բանի չեմ սպասում, բայց վերջին փրփուրներից եմ կառչում, տեսնենք՝ ինչ կլինի»- ասաց նա:

23-ամյա Սոս Մարգարյանին, ով 3.5 ամիս է՝ ևս գնտվում է Նուբարաշենի քրեակատարողականում, հոր` Իշխան Մարգարյանի խոսքով ևս՝ ոչ մի անգամ չեն կարողացել տեսնել: Նրա որդուն ևս մեղադրում են ինքնապաշտպանվելու` քար նետելու մեջ:

«Մեղադրանքը կարելի է ասել, որ շինծու է: Մենք էլ չգիտենք` ինչի համար են մեղադրում, որովհետև մեղադրականում չկա ոչ մի բան: Ընդամենը գրված է, որ ցույցերին մասնակցել է: Նոյեմբերի 4-ին կլինի դատական նիստը, և կիմանանք՝ ինչի համար է նստած»,-նշեց Մարգարյանը:





Մանրամասները՝ «Zham.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը