Մեկնաբանություն

02.11.2016 00:40


Պետական փողեր

Պետական փողեր

2017 թվականի բյուջեն իշխանության «գոտիները ձգելու» բյուջե է:

Սա, անշուշտ, կատակ է, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, գործուղումները, պարգևատրումները ծախսերի նվազեցումից չեն տուժելու: Այսինքն՝ պետական կառավարման մարմինների ծախսերի կրճատումից ժողովուրդը ոչ մի շահ չունի:

Նախագահական նստավայրի ծախսերը կնվազեն մոտ 550 մլն դրամով: Այդ գումարը կտնտեսվի հիմնականում Ազգային անվտանգության խորհրդում աշխատատեղերի կրճատման հաշվին (93 հաստիքից մնացել է 27-ը): Ըստ էության, ԱԱԽ-ն, որպես առանձին կառույց, չի լինելու, այլ մաս է կազմելու նախագահական աշխատակազմին:

Կարելի է հաշվել, թե տարիներ շարունակ այս անգործունակ կառույցի վրա որքան գումար է վատնվել: Իսկ մեր զինվորներն էլ 80-ականների զենքի հույսին են մնացել:

Ազգային ժողովի ծախսերից էլ են ահագին «կմճտել»՝ 390 մլն դրամ: Սա էլ պայմանավորված է նոր Սահմանադրությամբ, որում պատգամավորների թիվն ամրագրված է նվազագույնը 101: Չնայած, ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքում հստակություն չկա. հայտնի չէ, թե 2017-ի ընտրություններից հետո խորհրդարանում քանի մանդատավոր կլինի: Ոչ 101-ն է բացառում, ոչ էլ 160-ը: Այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչ նպատակ է հետապնդում իշխող ուժը, որի համար ձեռնտու է այդ «լողացող» թիվը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի օտարումից և ծառայողական մեքենաների կրճատումից էլ 176 մլն դրամի խնայողություն է գոյանալու: Իսկ թե ծախսերի նվազման արդյունքում առաջացած 1 միլիարդ դրամն ինչին է ուղղվելու, այս մասին ոչինչ չի ասվում: Ո՞վ գիտե, կարող է այդ գումարով «փակեն» գազի գնի հնարավոր նվազեցման՝ 7 դրամի ծախսե՞րը: Ինչը հիմա են նախատեսում անել, երբ երկիրը մտնում է նախընտրական փուլ: Իսկ 2017-ի ընտրություններից հետո կրկնակի բարձրացնել՝ հասցնելով 14 դրամի: Եթե, իհարկե, Հանրապետականը դարձյալ տոկոս խփելով «կայուն մեծամասնություն» ձեւավորի խորհրդարանում:

Ինչ խոսք, լավ է, որ կառավարման մարմինների ծախսերը կրճատվում են, սակայն այդ ամենը որեւէ կերպ դրականորեն չի անդրադառնալու ժողովրդի վրա՝ կենսամակարդակի բարելավման առումով: Քանզի տարիներ շարունակ ժողովուրդն այդ թեմայով միայն բարձրագոչ ճառեր է լսել: Իսկ գործ՝ ոչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը