Լրահոս

31.10.2016 08:06


Անդրանիկ Թևանյան. «Պետք է կարողանանք երկրում իրավիճակ փոխել, հակառակ պարագայում կստանանք ընդդիմություն՝ ի դեմս Ալիևի» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Պետք է կարողանանք երկրում իրավիճակ փոխել, հակառակ պարագայում կստանանք ընդդիմություն՝ ի դեմս Ալիևի» (տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի հյուրն է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը: Նա անդրադարձել է հայաստանյան խնդիրներին, Կառավարության ծրագրին, նոր նշանակումներին և ակնկալիքներին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին բավականին լուրջ խնդիրներ են կուտակվել Հայաստանում, և Կառավարության փոփոխությամբ իշխանությունը փորձում է լիցքաթափել իրավիճակը։

-Իշխանության մոտ կա լուրջ մտավախություն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և փորձում է լիցքաթափել այն, ու, ամենակարևորը, մենք գիտենք, որ ապրիլյան պատերազմից հետո բավականին լուրջ խնդիրներ բացահայտվեցին։ Խնդիրն այն չէր, որ Կառավարությունն էր մեղավոր կամ առանձին անհատները, բայց իշխանությունը որոշակի քայլերի պետք է գնար, հատկապես որ 2017թ․ սպասվում են ԱԺ ընտրություններ։ Այս ընտրություններին ընդառաջ` որոշակի գործողություններ պետք է արվեն,-հավելել է Անդրանիկ Թևանյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին և ներքաղաքական առաջիկա զարգացումներին, Ա․Թևանյանն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է կազմակերվածությունից և քաղաքական դաշտի դասավորությունից։

-Բնական է, որ իշխանությունները փորձելու են վերարտադրվել, թեև ոչ մի դրական արդյունք չեն ապահովել մակրոմակարդակով, իսկ միկրոմակարդակով մենք ունենք ողբերգությունների շարքեր այն մարդկանց մոտ, ովքեր արտագաղթել են, կամ Հայաստանում աղքատացել են, կորցրել են բիզնեսը։ Այս առումով իշխանությունների խնդիրը պարզ է, թե իրենք ինչ են ուզում անել։ Քաղաքական մյուս հատվածի՝ այլընտրանքային բևեռի խնդիրը և նրանց, ովքեր Հայաստանում փոփոխություններ են ուզում, պետք է լինի ճիշտ հակառակը՝ հասնել այնպիսի լուծումների, որ կարողանանք երկրում իրավիճակ փոխել։ Հակառակ պարագայում մենք կստանանք ընդդիմություն՝ ի դեմս Ալիևի։ Այսինքն, մենք ներսում եթե չկարողանանք խնդիրները լուծել, երկիրը կշարունակի թուլանալ, պաշտպանության վիճակը կվատանա, և հակառակորդը կհարվածի։ Հետո կասենք՝ տեսեք, մենք էլի կորուստներ ունեցանք։ Բայց դրանք ավելի դաժան կարող են լինել։ Մենք, ուրեմն, պետք է մի բան շատ լավ հասկանանք՝ նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան երկրների «ճոխությունները» մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ դատապարտված ենք լինել ժամանակակից, կայացած քաղաքական, տնտեսական ինստիտուտներով պետություն։ Կա՛մ կլինենք այդպիսին, կա՛մ մեզ ուղղակի թույլ չեն տա այս տարածաշրջանում ապրել,-նշել է Ա․Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը