Մեկնաբանություն

30.10.2016 10:30


Խոստումներ և կրկին խոստումներ

Խոստումներ և կրկին խոստումներ

ՏԻՄ ընտրություններից հետո թվում էր, թե Սերժ Սարգսյանը Վանաձորի, Գյուրիի կողմերում չպետք է երևար: Սակայն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ, ավելի ճիշտ՝ եղել է միայն Վանաձորում:

Բնական է, որ այնտեղ «մարդաշունչ» չպետք է լիներ, բացի դպրոցական տարիքի երեխաներից: Իսկ «Վանաձոր Քիմպրոմ» և «Լոռի Ճանշին» ընկերությունների մի խումբ աշխատակիցներին չի հաջողվել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վերջինիս ներկայացնեն իրենց չվճարված աշխատավարձերի խնդիրը: Մարդիկ ժամերով սպասել են ու հեռացել: Դե, հո Սերժ Սարգսյանը խաբված աշխատակիցների բողոքը լսելու համա՞ր չէր գնացել Վանաձոր:

Այցի նպատակն այլ էր: Հասնել Վանաձոր եւ հերթական խոստումները տալ, թե նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում կբացվեն 150 ուղղակի եւ 1000 անուղղակի աշխատատեղեր, թե աշխատավարձը կլինի 300 հազար դրամ, թե աջակցություն կստանան 50 թիմ ու կազմակերպություն, եւ նման բաներ: Այս ամենը դեռ չկա. միայն շենքն ու կահավորանքն է:

Տարիներ առաջ Գյումրիում եւ Դիլիջանում էին խոստանում տեխնոպարկեր բացել: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորիս: Միայն «բոնուսային» կարգով իրենց ուզած քաղաքապետի վերընտրության հարցը լուծեցին:

Զարմանալին այն է, որ դեռևս 2013-ին ՀՀԿ ղեկավարը Վանաձորում մասնակցել է ծննդատան հիմնարկեքի արարողությանը: Իսկ հիմա էլ գնացել էր, որպեսզի տեսներ շինհրապարակը: Այսինքն՝ սա էլ դեռ չի կառուցվել: Բայց դարձյալ խոսվել է աշխատատեղերի բացման, կատարվելիք հսկայական ներդրումների մասին:

Ութ տարի առաջ «գերծրագրերից» էին խոսում, բայց մինչ օրս դեռ մի սովորական ծրագիր կյանքի չի կոչվել: Իսկ մարզային բնակչությունն էլ ավտոբուսներով քոչում է ռուսաստաններ:

Արտաքին պարտքը քառապատկել են, բայց երկրում ոչ թե զարգացում, այլ կտրուկ հետընթաց է արձանագրվել: Բոլոր ոլորտներում:

Եվ դեռ այսքանից հետո նախընտրական շոուների շրջանակներում կիսատ-պռատ «բացումներ» է անում եւ ցանկանում է հավերժացնել սեփական իշխանությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը