Կարծիք

29.10.2016 14:45


ՓՄՁ ոլորտը պետք է դադարի չինովնիկների եկամտի, օրինականացված թալանի աղբյուր լինելուց

ՓՄՁ ոլորտը պետք է դադարի չինովնիկների եկամտի, օրինականացված թալանի աղբյուր լինելուց

Մամուլը գրում է, որ ՓՄՁ-ի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռք բերման վերջնաժամկետը կհետաձգվի մեկ տարով։ Իհարկե, սա շատ լավ նորություն է, մանավանդ այն ձեռնարկատերերի համար, ովքեր դեռ չեն փոխել հդմ-ները։ Բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի։ ՊԵԿ-ի տվյալներով՝ այդ նոր հդմ-ներից տեղադրել է մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող 20 հազար 500 տնտեսվարող, իսկ 26 հազարը դա դեռ չի արել։

Այսինքն, կարող ենք փաստել, որ ՓՄՁ ոլորտն այնպիսի ծանր վիճակում է, որ տնտեսվարողների համար նոր հդմ-ների անցումը մեծ բեռ է։ Սակայն դա ոչ այնան մեծ գումար է, և մտահոգիչ է, որ տնտեսվարողի համար դա խնդիր է, և Կառավարությունն էլ ստիպված է միջամտել և հետաձգել նոր հդմ-ների անցումը։ Սա նշանակում է, որ ՓՄՁ-ի աջակցության ծրագրերն անարդյունավետ են, և պետք են նոր մոտեցումներ։

Կառավարությունը ձեռնարկատերերի համար լրացուցիչ բարդություններ առաջացնելու, հետո այդ խնդիրներին որոշակի լուծումներ տալ փորձելու փոխարեն (օրինակ՝ հետաձգելով վերջնաժամկետը) պետք է փոքր ու միջին ձեռնարկատիրության իրական աջակցության ծրագիր մշակի։

Ստեղծագործ խավը՝ ձեռնարկատերերը, պետք է մեր տնտեսության հիմնասյունը լինեն, փոքր ու միջին ձեռնարկատիրությունն էլ այդ ստեղծագործ խավի դարբնոցն է։ Այսօր պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ ձեռնարկատիրությամբ զբաղվելը շահավետ դառնա։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտը պետք է դադարի չինովնիկների եկամտի, օրինականացված թալանի աղբյուր լինելուց։ Ձեռնարկատերերին անհրաժեշտ է հարկային արտոնություններ տրամադրել և երաշխիքներ ապահովել, որպեսզի նրանք կարողանան գումար վաստակել, բարիք ստեղծել։

ՀԴՄ-ների ձեռք բերման վերջնաժամկետն, իհարկե, լավ է, բայց եթե դրա հետ մեկտեղ միջոցներ չձեռնարկվեն՝ ՓՄՁ-ի գործունեության պայմանները բարելավելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար, ապա դա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխի։ Եվ եթե այսօր ձեռներեցի համար այդ 100-120 հազար դրամը մեծ բեռ է, ապա այսպես որ շարունակվի, մյուս տարի ևս դա նրա համար կմնա մեծ բեռ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը