Մեկնաբանություն

29.10.2016 00:45


Սփյուռքն ակտիվանում է

Սփյուռքն ակտիվանում է

Սփյուռքն ակտիվանում է: Սփյուռքյան հայտնի և հեղինակավոր, հարուստ և պատկառելի դեմքերի կողմից հայրենիքում տիրող իրավիճակը շտկելու ուղղությամբ հանձնառության չափաբաժինը մեծանում է:

Մեկ ամիս առաջ Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և այլ արվեստագետներ ու գործիչներ հայտարարեցին, որ սկսում են «Արդարություն Հայաստանում» արշավը և բոլորիս կոչ արեցին միանալ այդ արշավին: Իսկ հիմա էլ ԱՄՆ-ում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում և անգամ Ճապոնիայում ապրող հայ մեծահարուստները և նաև Շառլ Ազնավուրը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով նամակ են ստորագրել և դարձյալ բոլորին կոչ արել միանալ այդ նամակին:

Եթե առաջին խումբն սկսելով իր արշավը՝ շեշտադրում է քաղաքական բաղադրիչը և ընդգծում, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ազատ և արդար ընտրությունների միջով, ապա երկրորդ խումբը ցանկանում է Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային չափանիշներին՝ զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և առաջադեմ հայրենիք ունենալու գաղափարը:

Եթե առաջին խումբը պատրաստվում է 2017-ի համապետական ընտրություններին ներկա լինել որպես վկաներ և դիտորդներ՝ ջանալով նպաստել ընտրական արդար գործընթացի, ազատ և թափանցիկ ընտրությունների կայացմանը, ապա երկրորդ խումբն առավելապես ջանքերն ուղղելու է հայրենիքում երկարաժամկետ ներդրումներ ապահովելու գործին.

«Միևնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում»,-նշված է «Գլոբալ հայերի» նամակում: Ինչից կարելի է ենթադրել, որ նամակի հեղինակներին փոփոխությունները չեն հետաքրքրում:

Ի տարբերություն «Արդարություն Հայաստանում» արշավը նախաձեռնողների՝ «Գլոբալ հայերը» մտադիր են համագործակցել ՀՀ գործող իշխանությունների հետ, և նրանք առանձնապես չեն ցանկանում խառնվել երկրում վարվող ներքին քաղաքականությանը (նամակի բովանդակությունից նման տպավորություն է ստեղծվում): Մինչդեռ այն քաղաքականությունը, որ վարվում է այսօր Հայաստանում (սոցիալ-տնտեսական և այլն), այն խայտառակ իրավիճակը, որ ստեղծել են երկրում ՀՀԿ-ն և նրա ղեկավարը, վերջիններիս գոյության պայմաններում երկարաժամկետ ռազմավարություններ մշակել և իրականացնելը անիրականանալի բան են։

Եթե չվերանա քաղաքական մենաշնորհը, ապա «Գլոբալ հայերի» բարի ցանկությունները կմնան թղթի վրա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը