Կարծիք

28.10.2016 16:25


Չունեք սարքի գումար՝ թուրքական ալիքներ նայեք

Չունեք սարքի գումար՝ թուրքական ալիքներ նայեք

Երեկ Կոտայքի մարզի գյուղերից մեկում էի: Մարդիկ թուրքական ալիքներ էին նայում, քանի որ հայկական ալիքներն անջատված էին. սարք պետք է գնեն, որ ալիքներ ունենան:

Սարքի արժեքը մոտ 10.000 դրամ է: Երբ հարցրեցի՝ ինչու չեք գնել, պատասխանը մեկն էր. «Ախր, դրան փողը որ տանք, սարք առնենք, բա մի շաբաթ ո՞վ է իմ երեխեքին հաց տալու»:

Պապանձվեցի՝ հասկանալով, որ շատերի համար 10.000 դրամը մեկ շաբաթվա հանապազօրյա հացի գումարն է, իսկ մենք ասում ենք՝ սարք գնեք, որ թուրքական ալիքներ չնայեք:

Այո, այսօր մենք ունենք այսպիսի հազարավոր բնակիչներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բայց սրա մասին համապատասխան մարմինները շատ լավ գիտեն, բայց անում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

Ասենք, եթե պետք է ալիքներն անջատեիք ու մարդկանց պարտադրեիք սարք գնել, լավ կլիներ, չէ՞ հարցում անցկացնեիք՝ հասկանալու համար՝ քանի ընտանիք չի կարողանալու սարքի գումարը տալ: Կարող էիք, չէ՞, պետբյուջեից դուրս գրել սարքերի գումարի ծախսը, թե՞ պետբյուջեն, որը մենք ենք «լցնում», միայն պետաշխատողների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների «կայֆեր-կայծերի» համար է, թե ձեր համար, ձեր հարմարավետության համար ինչ աննորմալ ծախսեր ասես՝ դուրս եք գրում՝ է՛լ շքանշանի գումար, է՛լ կոնյակի, շամպայնի...

Մարդիկ փաստացի չեն կարողանում թեկուզ 10.000 դրամ ծախսել՝ հայկական ալիքներ դիտելու համար, դե թող ամիսներով թուրքական հաղորդումներ նայեն. լավ է, գոնե թշնամու լեզուն կսովորեն:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը