Քաղաքական

27.10.2016 15:24


Սերժ Սարգսյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստված ֆիլմում լրագրողի հարցին, թե «արդյոք դուք դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։ Այս մասին հայտնում է «civilnet»–ը։

2014թ․ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․Եթե [նոր Սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

«Ալ Ջազիրան» ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած դեպքերին՝ սահմանադրական փոփոխություններ, ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» գործողություններ և այլն։

«Արդյոք Ռուսաստանը շարունակո՞ւմ է լավ դաշնակից մնալ» հարցին Սարգսյանը պատասխանել է․ «Գիտեք՝ լավի ու վատի մասին իմաստ ունի՞ արդյոք խոսել։ Բայց պիտի ասեմ, որ ՌԴ-ն նաև մեզ հետ ունի ռազմատեխնիական համագործակցության մեծ ծրագիր։ Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»։

«Սասնա ծռերին» աջակցություն ցուցաբերող մարդկանց մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասել է, որ դա «զարմանալի չէ», քանի որ յուրաքանչյուր երկրում կա «ագրեսիվ փոքրամասնություն»։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ զարգացած եվրոպական երկրներում բնակչության մի հատված սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց։

«Ինչո՞ւ եք զարմանում»,- կրկին հարցադրում է արել Սերժ Սարգսյանը։

Նրան զարմացրել են նաև «Ալ Ջազիրա»-ի թղթակցի թվերը՝ հուլիսյան դեպքերի ժամանակ զոհերի, վիրավորների, տուժածների մասին։

«Ձեր թվերն իրականությանը չեն համապատասխանում»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ «civilnet»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը