Կարծիք

26.10.2016 16:27


Oգնության ձեռք են մեկնում այն մարդիկ, ովքեր ժամանակին այս իշխանությունից զզված ու հիասթափված փախել են

Oգնության ձեռք են մեկնում այն մարդիկ, ովքեր ժամանակին այս իշխանությունից զզված ու հիասթափված փախել են

Արդեն մի քանի օր է՝ հետևում եմ ամերիկահայերի օգնությանը՝ ուղղված հայ ընտանիքներին, հայ մանուկներին, աղքատ ընտանիքներին: Օգնության տեսակը՝ հագուստ, կենցաղային իրեր, գումար, անգամ՝ սնունդ:

Նայում ես ու գժվում: Մի կողմից հուզվում ես, մի կողմից՝ անսահման ամաչում նրա համար, որ օվկիանոսից այն կողմ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ հայ ընտանիքներին, իսկ օվկիանոսից այս կողմ՝ Հայաստանում, իշխանությունը միայն վերարտադրման համար իրեն է ապահովագրում:

Լինելով փոքր պետություն, լինելով մի բուռ ազգ՝ ամեն անգամ հույսներս դնում ենք Սփյուռքի վրա, ամեն անգամ օգնության ձեռք են մեկնում այն մարդիկ, ովքեր ժամանակին այս իշխանությունից զզված ու հիասթափված փախել են օտար երկիր, աշխատել ու այսօր էլ մեծ ոգևորությամբ մեզ են օգնում:

Օգնում են՝ ինչքան կարող են, քանի որ տեսնում են հայ մանուկների սոված աչուկները, պոկված կոշիկներն ու ճղճղված շորերը, տեսնում են անօթևան ընտանիքների խայտառակ կյանքը...

Իսկ ահա բանակին օգնության ձեռք մեկնող, ժողովրդին միշտ սննդով և հագուստով օգնողներին մեր իշխանությունից ոմանք համարձակվում են «կալբասակեր» անվանել՝ ասելով, որ մի կտոր «կալբասի» համար են փախել մեր երկրից:

Դե, իհարկե, ունենալով ձեզ պես իշխանություն՝ ոչ միայն պետք է փախչել երկրից, այլ բնաջնջել ամեն տեսակի կապն այս երկրի հետ:

Այո, այնքա՜ն հեռու լինել, որ չտեսնել, թե ինչպես են օր օրի մեր պետությունը դարձնում աղքատների և մուրացկանների երկիր, որտեղ ամեն 3-րդ ընտանիքը համարվում է աղքատ:

Ես ամաչում եմ ՀՀ իշխանության փոխարեն, ես ամաչում եմ, որ ամերիկահայերից ենք սնունդ և այլ կենցաղային պարագաներ ստանալու միայն նրա համար, որ այս «փողասեր կործանիչները» ոչինչ չեն ձեռնարկում երկիրը ծայրահեղ աղքատությունից փրկելու համար:

Շնորհակալություն, որ դուք այսօր մեր իշխանությունների գործն եք անում:

Կից նյութն՝ այստեղ

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը