Քաղաքական

26.10.2016 15:55


Վահե Հովհաննիսյան. «Ազատազրկման վայրում պետք է իսկապես իրականացվի կրթվելու, սովորելու, աշխատելու իրավունքը» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Ազատազրկման վայրում պետք է իսկապես իրականացվի  կրթվելու, սովորելու, աշխատելու իրավունքը» (տեսանյութ)

-Քննարկելով դատապարտյալներին պատիժը կրելուց հետո մասնագիտական ուսուցման հնարավորություն տալու օրինագիծը՝ թվում է՝ մենք քննարկում ենք սոցիալական մի կոնկրետ շերտի խնդիրներ, սակայն սա նույնքան կարևոր է նաև ամբողջ հասարակության համար,-այս մասին հոկտեմբերի 26–ին ԱԺ նիստի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

–Խնդիրը շատ հստակ է՝ մենք գործ ունենք դատապարտյալների՝ պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնալու, ինտեգրվելու և ադապտացվելու խնդիրների հետ։ Օրինագծով առաջարկվող մեկ կոնկրետ քայլը, իհարկե, դրական կարող ենք գնահատել, բայց որ այն էապես փոխելու է իրավիճակը, իհարկե, ոչ, քանի որ անմիջապես առնչվում ենք իրականության հետ, որն այդքան էլ միաշերտ չէ,– նշել է Վահե Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ իրական կյանքում այս օրենքով առաջարկվող լուծումները դասվելու են թղթի վրա գրված այն բազմաթիվ լուծումների շարքին, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։

Նա նշել է, որ աչքի է անցկացրել Երևանում առաջարկվող աշխատանքների ցուցակը, և դրանց շարքում ամենաշատ հանդիպածը եղել է առաքիչների և գործավար քարտուղարների պահանջարկը՝ 40–60 հազար դրամ աշխատավարձով, առավելագույնը՝ 80–90 հազար դրամ։

Միամտություն է կարծել, որ դատապարտյալները 6 ամիս կսովորեն, իսկ հետո շատ արագ կգտնեն աշխատանք։ Ազատազրկման վայրում պետք է իսկապես իրականացվի կրթվելու, սովորելու, աշխատելու իրավունքը։ Թղթի վրա կա, իրական կյանքում չկա։ Օրենքը երաշխավորում է կրթվելու, սովորելու հնարավորություն, բայց ես չեմ հավատում, որ մարդը 3,5 տարի ոչինչ չսովորելուց հետո վերջին 6 ամսում կցանկանա սովորել և միանգամից գնալ աշխատելու,–մեկնաբանել է Վահե Հովհաննիսյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ պատգամավորը նկատել է, որ առաջարկվող օրինագիծն ընդամենը շատ մեծ քայլի շատ փոքր մասն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը