Կարծիք

26.10.2016 11:55


Ունենք մրցունակ օրենսդրություն և մեռնող տնտեսություն

Ունենք մրցունակ օրենսդրություն և մեռնող տնտեսություն

Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business 2017» հերթական զեկույցը, որը ներկայացնում է գործարարությամբ զբաղվելու պայմանները 190 երկրում: Զեկույցի համաձայն՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն ավելի դյուրին է դարձել. Հայաստանը 5 կետով բարելավել է իր դիրքը և զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Սա մի փոքր տարօրինակ կարող է թվալ Հայաստանում ապրող մարդկանց, որոնք հազիվ թե որևէ փոփոխություն նկատած լինեն: Իսկապես, նոր Կառավարությունը հայտարարում է գործարարությունը վարելու դյուրինացմանն ուղղված քայլերի մասին, որոշակի քայլեր արդեն ձեռնարկվում են, սակայն դրանց արդյունքն այս պահին դժվար է տեսնել ու գնահատել:

Սակայն զարմանալու բան չկա, քանի որ ՀԲ-ի մասնագետները ռեյտինգի ձևավորման ժամանակ գնահատում են միայն բիզնեսը վարելու ֆորմալ պայմանները՝ օրենսդրությունը, փաստաթղթաշրջանառությունը և այլն: Իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում առավելապես գործում են ոչ ֆորմալ ինստիտուտներ, և օրենքը կիրառվում է խիստ ընտրովի: Այսինքն, մենք ունենք բավականին առաջադեմ օրենքներ, որոնց կիրառումը, սակայն, բոլորի համար նույնը չէ:

Նույն այդ զեկույցում ասվում է, որ Հայաստանի առաջխաղացումը պայմանավորված է վարկերի ստացման մեխանիզմի հեշտացման և պայմանագրերի կիրառման կանոնակարգման հաշվին: Բայց դե, բոլորս էլ գիտենք, որ վարկ ստանալու հիմնական խոչընդոտը բարձր տոկոսադրույքներն են, որոնք էլ պայմանավորված են այդ ոչ ֆորմալ ինստիտուտների առկայությամբ: Եվ ունենալով տարածաշրջանի մյուս երկրների համեմատ շատ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ ունենք շատ թանկ վարկեր: Իսկ բարձր հարկերի պատճառով ոչ բոլոր գործարարներն են կնքում պայմանագրեր, որ ցույց չտան իրենց շրջանառությունը:

Արդյունքում էլ ստացվում է, որ ունենք մրցունակ օրենսդրություն և մեռնող տնտեսություն: Սա է, որ պետք է փոխվի: Որքան էլ լավը լինեն օրենքները, եթե դրանք չկիրառվեն, տնտեսության մեջ էլ գործեն խաղի այլ կանոններ, մենք իրական առաջընթաց չենք ունենա:

Գոնե հայտարարություններով նոր վարչապետն այս խնդիրը գիտակցում է, մնում է, որ նա կարողանա համապատասխան քայլեր ձեռնարկի՝ օրենքը համատարած խաղի կանոն դարձնելու ուղղությամբ:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը