Կարծիք

01.11.2010 09:10


«Ապե, պետք ա՞ խառնվե՜նք»

«Ապե, պետք ա՞ խառնվե՜նք»

Ուշ երեկոյան եվրոպական երկրներից ստացված լուրերն էին, հավանաբար, պատճառը, որ շատ վատ քնեցի: Քնելը որն է' կարո՞ղ ես քնել, երբ ցույց են տալիս, թե ինչ անկարգություն է տիրում Փարիզի նման հրաշակերտ քաղաքի փողոցներում: Ով Փարիզում գոնե մեկ անգամ եղել է, կհաստատի, որ այնտեղ չի կարելի նույնիսկ սիգարետի մոխիր թափահարել օդում, էլ ուր մնաց' քարեր նետել, խանութներ ու անվադողեր այրել, ոստիկան հրմշտել...

Ամենամեծ ցավն էլ էն է, որ այս ամենը ժողովուրդն է անում, ոչ թե մի անխոհեմ քաղաքական գործիչ կամ բանդա, որոնց շատ հեշտ է մեղադրելը:

Մարդիկ են բողոքում, բողոքում են, բողոքում են.... Մարդկանց բողոքը Փարիզից դուրս է եկել, տարածվել Ֆրանսիայի մյուս քաղաքները, Ֆրանսիայից էլ դուրս է եկել ու տարածվել Եվրամիության այլ երկրներ' Իտալիա, Ավստրիա... Բողոքում են, հասկանո՞ւմ եք' բո-ղո-քում:

Սարկոզին որոշել է թոշակի անցնելու տարիքը 60-ից հասցնել 62-ի, եւ մարդիկ բողոքում են: Բնակա՞ն է: Իհարկե: Նույն Սարկոզին խստացնում է Ֆրանսիայում էմիգրանտների բնակության ռեժիմը' դարձյալ բողոքում են: Բնակա՞ն է: Իհարկե: Դարձյալ նույն Սարկոզին արգելում է հասարակական վայրերում երևալ ողջ մարմինը ծածկող հագուստներով' էլի բողոքում են, հավարը գցում Բեն Լադենին: Բնակա՞ն է: Իհարկե:

Հետաքրքիր է, Ֆրանսիայի իշխանությունները կցանկանայի՞ն, որ բողոքի ցույցերն ու ակցիաները մեկեն դադարեին: Իհարկե կուզենային: Բայց ո՞նց, կախարդական փայտիկո՞վ: Ահդքան բա՞րդ:

Կարծում եմ' այստեղ մեր իշխանությունները սրեցին իրենց ուշադրությունը: Այնուամենայնիվ' կախարդական փայտիկից ավելի լավ միջոց կա հասարակությանը հնդարտեցնելու, եթե չասենք' հնազանդեցնելու, որովհետև հնազանդեցնել տերմինը եվրոպական լեքսիկոնում իմաստային առումով բոլորովին այլ բան է նշանակում եւ նույնիսկ' շատ անհարմար բան: Ինչ որ է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ (հիմնական օրենքում) ոչ մի տեղ գրված չէ, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է հլու-հնազանդ ենթարկվել երկրի իշխանություններին: Երկրի օրենքներին' այո, բայց ոչ երկրի իշխանություններին: Դատելով այն իրավիճակից, որ ի տարբերություն Ֆրանսիայի, տիրում է Հայաստանում, կարծում եմ, ժամանակն է լրացնել մեր սահմանադրության այդ բացը, քանզի հայ ժողովուրդը, դարձյալ ի տարբերություն Ֆրանսիայի ժողովրդի, նախընտրում է իշխանություններին եւ ոչ թե օրենքներին ենթարկվել: Այսինքն' նախընտրում ենք, ներողություն արտահայտությանս, այն հավի կարգավիճակը, որը ձու ածելու գործում առաջամարտիկ է եւ տատս հենց նրա ուղղությամբ է նետում կտի առաջին բուռը: Իսկ թե երբ տատս կորոշի հերթական անգամ կերակրել հավանոցը' բացարձակապես տատիս իրավունքն է: Ահա, այսպիսի բաներ, պարոնայք եվրոպացիներ: Սովորեք Հայաստանի իշխանություններից, փորձի փոխանակման համար նրանց հրավիրեք Ֆրանսիա ու տեսեք, թե ինչ տեղի կունենա:

Ի՞նչ: Շո՞ւտ պիտի անեի՞ք: Իհարկե: Մի՞թե կարելի է կույր լինել ու այս լուսավոր ժամանակներում չտեսնել, թե ինչպիսի հաջողություններ են արձանագրել նորանկախ Հայաստանի իշխանությունները: Նրանք անցած 20 տարում հասել են ժողովրդի հնազանդեցմանը, ինչին աշխարհի շատ երկրներ չեն հասել անկախության հարյուրամյակների, որոշների դեպքում նույնիսկ' հազարամյակների ընթացքում:

Դիցուք, Տիգրան Սարգսյանը' մեր վարչապետը, կարող է Ֆրանսիայի աշխատավորությանը թոշակի անցկացնել նույնիսկ 50 տարեկանից: Սարկոզիի վարչախմբի անդամներին խնդրում եմ չուշաթափվել: Հավատացնում եմ' Ֆրանսիայի բյուջեն չի էլ զգա, թե ինչպես դա տեղի ունեցավ: Մեր վարչապետը դոլար-եվրո այնպիսի լողացող կուրս կնկարի, այնպիսի աննկատ ու սրնթաց գնաճ կապահովի, որ դրանից ստացված եկամուտները (ձեր դեպքում' պետական) մի քանի օրում ավելցուկով կծածկեն Ֆրանսիայի նման երկրի բյուջեի չնախատեսված բոլոր ծախսերը: Չգիտեմ, հավանաբար Սարկոզիի բախտից է' Հայաստանում ճիշտ այդպիսի մի գործընթաց է հիմա իրականացվում: Մարդկանց աշխատավարձերն ու թոշակները որոշել են բարձրացնել: Դեռ չեն բարձրացրել, որոշել են բարձրացնել: Բայց գնաճն արդեն այնպես է մտել շուկա եւ սուպերմարկետներ, դոլարն այնպես է «չոքել» դրամի առաջ (դրամը մեր փողն է), որ, պետական մտածողություն դրսևորելու դեպքում, մեր իշխանությունները կարող են եռապատկել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը: Ուրեմն' թող Սարկոզին սովորի, թե ինչպես կարելի է լուծել այնպիսի մի ճղճիմ հարց, ինչպիսին թոշակային տարիքը երկու տարով այսկողմ-այնկողմ անելն է: Հայաստանում բողոք կա՞: Չկա:

Ի՞նչ: Ֆրանսիացիները գնաճի դեմ նո՞ւյնպես կբողոքեն: Դրա համար էլ ասում ենք' քանի որ ապաշնորհ եք, ՀՀ իշխանություններին' կառավարությունով, ազգային ժողովով, բանով, ժամանակավորապես ներկրեք Ֆրանսիա ու տեսեք, թե ինչ կկատարվի:

Ասեմ ձեզ, որ մարդիկ շատ շուտ են մոռանում գնաճի մասին, երբ նրանց իրենց մայրենի լեզվով ապագա ճոխ ծրագրեր ես հրամցնում: Մեր գյուղնախարարն, օրինակ, վարժ ֆրանսերենով ձեզ կարող է բացատրել, որ գնաճ կոչվող այդ բոբոն արդյունք է ֆրանսիայի ժողովրդի գլխին թափված երկնային աղետի: Բայց դարդ չանեք, սիրելի եղբայրներ, փառք Աստծո, ծրագրեր ունենք, որ աշխարհը չունի: Այդ ծրագրերով նախատեսվում է Ֆրանսիայի տարածքում հակակարկտային կայանքնեի այնպիսի ցանց ստեղծել, որ նույնիսկ Լոնդոնի վրա այլևս տեղումներ չլինեն: Իսկ ինչ վերաբերում է անասունների ու մշակաբույսերի տեղական սորտերին, ապա պետք է շատ արագ վերացնել դրանք, որովհետև երկնային աղետներից խուսափելու լավագույն միջոցը անասուններ եւ մշակաբույսեր ներկրելն է: Այդպես ենք վարվում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Տեսեք' Հայաստանում բողոք կա՞: Չկա:

Մեր օրենսդիրներն էլ քիչ խորհուրդներ չունեն Սարկոզիին տալու: Այ մարդ, բա կարելի է՞ հանպատրաստից վերցնել ու մարդկանց հայտարարել, թե ձեր թոշակի անցնելը երկու տարով հետաձգելու եմ: Պարզ չի՞ որ կբողոքեն: Նախ հարկավոր էր միջանկյալ օրենքներով արդեն իսկ թոշակ ստացողների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ թոշակի պատրաստվողները թոշակ բառից անգամ վախենային: Տես, թե Հայաստանում ինչ է կատարվում: Որ խավն էլ վերցնես' ուսուցիչ լինի, ինժեներ, շինարար, գրադարանավար, լրագրող, նախարար, պատգամավոր կամ հարկային տեսուչ, թոշակի անուն չի ուզում լսել: Նրանց ասա, որ թոշակի տարիքը ոչ թե 62-ն է, այլ 82-ը: Կբողոքե՞ն: Չեն բողոքի, ուրախությունից կթռվռան: Իսկ Ֆրանսիայում բողոքում են: Ինչո՞ւ: Թոշակառուներին շատ եք երես տվել: Վատ եք աշխատում տեղական բազայի վրա, շատ վատ' կասեր մեր թերթերից մեկի հանճարեղ խմբագիրը, ով պատրաստվում էր դրական հոդված գրել ՀՀ այն ժամանակվա շրջաններից մեկի' Իջևանի կրթության ոլորտի ղեկավարների մասին, բայց պատահաբար իմացել էր, որ ճոխ սեղանը սպասարկող ուսուցչուհիները, բացառությամբ մեկ-երկուսի, շարունակում են կույս մնալ:

Եթե, այնուամենայնիվ, խռովությունները դադարեցնելու համար, եվրոպական երկրներից որևէ մեկում, իսկ մեզ ամենասրտամոտը Ֆրանսիան է, ցանկություն առաջացավ օգտվել ՀՀ իշխանությունների անշահախնդիր այս օգնությունից, ապա խնդրում ենք նախապես առաջին պատրաստության բերել Եվրամիության բոլոր առողջապահակն հիմնարկներն ու առաջին օգնության ծառայությունները: Ինչքան չլինի' կառավարման փորձը հայկական է, իսկ ձեր ժողովուրդը' եվրոմիութենական: Մի բան չպատահի՞։

Էդիկ Անդրեասյան

Հ.Գ. Հա, քիչ մնաց մոռանայի: Պարոն Սարկոզի, ձեզ Մարսելից Փարիզ ճոպանուղի պետք չէ՞: Հարց չկա, կկառուցենք: Դա նույնպես ժողովրդի վրա դրական (հնազանդեցնող) ազդեցություն է թողնում:

Այս խորագրի վերջին նյութերը