Խմբագրական

31.10.2010 18:18


Հետսովետական շրջանի ՀՀ տնտեսական համակարգը

Հետսովետական շրջանի ՀՀ տնտեսական համակարգը

Վրաստանում գործող «Տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրման կենտրոնի» նախաձեռնությամբ և գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ»-ի անվան հիմնադրամի աջակցությամբ Թբիլիսիում կազմակերպվել էր կոնֆերանս՝ նվիրված հարավկովկասյան երկրներում ՍՍՀՄ փլուզումից հետո ձևավորված տնտեսական համակարգերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։

Մինչև այդ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կողմից տնտեսության մի շարք ասպեկտների վերաբերյալ զեկույց էր պատրաստվել. «Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը»։ Գրքի էլեկտրոնային տարբերակը շուտով կներկայացվի  www.cepr.ge կայքէջում։

Փորձագիտական աշխատանքներին մասնակցել եմ նաև ես։ Ստորև ներկայացված է զեկույցիս տեքստը՝ մի փոքր կրճատումներով։

Հետսովետական շրջանի ՀՀ տնտեսական համակարգը

Հետսովետական շրջանում ՀՀ տնտեսական կյանքի տրանսֆորմացիաները նույն բնույթի էին, ինչը նկատվում էր նախկին սովետական հանրապետություններում՝  պետական սեփականությունից անցում դեպի մասնավոր կամ խառը սեփականատիրական հարաբերությունների, տնտեսության կառավարման պլանային մոդելից անցում դեպի շուկայական հարաբերությունների, գնագոյացման վարչական մեթոդից անցում դեպի առաջարկ-պահանջարկ մոդելի, աշխատաշուկայի ապակենտրոնացում և ազատականացում, հարկային, մաքսային և դրամավարկային ինքնուրույն քաղաքականության ձևավորում և այլն: 

Անցման ընթացքում բավական բարձր սոցիալական գին վճարվեց՝ աղքատության կտրուկ աճի, տնտեսական ենթակառուցվածքների քայքայման, ապրանքային դեֆիցիտի, գործազրկության աճի, բարձր մակարդակի ինֆլյացիայի և այլ դժվարությունների տեսքով:  Մեր տնտեսությունները բախվեցին ստագֆլյացիա (գործազրկության և ինֆլյացիայի համաժամանակյա աճ) կոչված երևույթի հետ։

ՀՀ-ում հետանկախական փուլի սկզբնական շրջանում, բացի վերը նշվածներից, ավելացան նաև այլ դժվարություններ՝ երկրաշարժի հետևանքներ, պատերազմ, մասնակի շրջափակում և էներգետիկ ճգնաժամ։

Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած գործընթացները ձևավորեցին որոշակի տնտեսական համակարգ, որը ձևով շուկայական է, բայց բովանդակությամբ պլանային տնտեսության բազում էլեմենտներ է պարունակում իր մեջ։ Սովետական շրջանի ու այժմյան տարբերությունն ընդամենն այն է, որ մասնավոր սեփականության ինստիտուտը մեզանում ամրագրված է օրենսդրությամբ, սակայն հիմնական ֆինանսական հոսքերն անուղղակիորեն վերահսկվում են պետության, ավելի ճիշտ, պետական իշխանությունը ներկայացնող սուբյեկտների կողմից, ինչը ստեղծում է քվազիշուկայական մթնոլորտ։ Բանն այն է, որ առկա է իշխանության և խոշոր բիզնեսի սերտաճում, որը համայնավարական բնույթի է դարձնում շատ ու շատ ոլորտներում տիրող բիզնես հարաբերությունները։

1991-ի անկախացումից հետո տնտեսաքաղաքական հարաբերությունների առումով կարելի է առանձնացնել 3 փուլ՝

1. շուկայական անցման, կապիտալի նախնական կուտակման և պաշտպանության, կլանային տնտեսական հարաբերությունների ձևավորման (1991-2000 թթ.),

2.  քվոտայավորված տնտեսության և բուրժուազիայի շերտավորման (2000-2007 թթ.),

3. գերկենտրոնացված և վարչաբյուրոկրատական կապիտալիստական հարաբերություններիի ձևավորման (2007թ. -ներկա):

1-ին փուլը, որը 1991-ի սեպտեմբերից (երբ ՀՀ-ն անկախության հանրաքվե անցկացրեց) մինչև 2000 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում խոշոր սեփականատերերի «կաստան» գրեթե կայուն կազմ ձեռք բերեց։ Այս փուլի վերջում ՀՀ իշխանությանը հաջողվեց ձևավորել պետական կառավարման մոնոլիտ համակարգ, որը խանգարեց մրցակցային շուկայական տնտեսության կայացմանը։

Նշված ժամանակահատվածում իշխանության վերին օղակում տեղի էին ունենում դեմքերի որոշակի փոփոխություններ, բայց տնտեսական հարաբերությունների բնույթը նույնն էր մնում, քանի որ անձերի փոփոխությունը ներսից էր և չէր ենթադրում տնտեսական հարաբերությունների փիլիսոփայության վերանայում։

Անկախ Հայաստանի առաջին տարիներից տնտեսական հարաբերությունների տրանսֆորմացման գաղափարախոսական հենք ընդունվեց նեոլիբերալ մոտեցումը՝  մոնետարիզմը։ Իշխանությունները ելնում էին մոնետարիզմի դպրոցի ներկայացուցիչ Միլթոն Ֆրիդմանի այն հիմնադրույթից, որ պետությունը պետք է հնարավորինս քիչ  խառնվի տնտեսական հարաբերություններին, որ մասնավոր սեփականության առկայությունն արդեն իսկ երաշխիք է տնտեսական բարեկեցության ապահովման համար, որ պետք է աչք փակել անցման ընթացքում արձանագրվող սոցիալական գնի վրա, որ հարկաբյուջետային և դրամավարկային տնտեսական լծակներից՝ պետությունը պետք է հիմնական ուշադրությունը սևեռի դրամավարկայինի վրա, քանի որ հարկաբյուջետային լծակն արդյունավետ չէ և ժամանակային մեծ լագերի պատճառով չի կարողանում ճիշտ արձագանքել տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներին։

Որդեգրվեց  «քիչ պետության» քաղաքականությունը, որի շրջանակներում  ենթադրվում էր, որ շուկան ինքնակարգավորման կենթարկվի։ Ժամանակը, սակայն,  ցույց տվեց, որ դա չէր կարող տեղի ունենալ, մանավանդ որ մոնետարիստական հայեցակարգը յուրօրինակ կերպով վերաիմաստավորվեց իշխանությունների կողմից։  Ասել է թե՝ «քիչ պետություն» հայեցակարգը ըստ նպատակահարմարության և մասամբ կիրառվեց նորանկախ Հայաստանի իշխանությունների կողմից, այն առումով, որ պետության սոցիալական պատասխանատվությունն իրոք մղվեց հետին պլան, բայց տնտեսական հարաբերություններին նվազագույն մասնակցության մոնետարիստական մոտեցումը խախտվեց. պետությունն, ի դեմս իշխանությունը ներկայացնող անհատների, ամբողջությամբ մխրճված էր տնտեսական կյանքի մեջ։ Այսինքն՝ մենք ստացանք մի համակարգ, որն իրենից ներկայացնում էր պետության սոցիալական պատասխանատվության գրեթե բացակայության և պետական իշխանավորի անձնական կարողությունները մեծացնելու շահագրգռվածության սինթեզը։

Անկախության սկզբնական փուլում տեղի ունեցած հանրային կյանքի փոփոխությունները վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին։ ՀՀ-ն առաջինն էր ԱՊՀ տարածքում, որը հողի լայնամասշտաբ սեփականաշնորհում իրականացրեց։ Սակայն արդյունաբերական ձեռնարկությունների ու սպասարկման օբյեկտների մեծ մասը մնացին պետական կարգավիճակում։  Պատճառները, թեևս,  քաղաքական էին, նշվում էր նաև պատերազմի գործոնի մասին։

Երբ 1994-ին պատերազմն ավարտվեց, սեփականաշնորհման գործընթացը լայն թափ հավաքեց՝ ընդգրկելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները,  անավարտ շինարարական օբյեկտները, սպասարկման օբյեկտները և այլն։

Ընտրվեց վաուչերային սեփականաշնորհման տարբերակը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վաուչեր տրվեց, որը կարող էր դառնալ ներդրման կամ վաճառքի առարկա։ Սկզբնական փուլում այդ վաուչերի անվանական արժեքն էր 10 000 դրամ, իսկ հետո այն դարձավ 20 000  դրամ, բայց շուկայում զգալի ցածր գին ուներ։ Մարդկանց մեծ մասը ոչ թե բաժնետեր դարձավ այդ վաուչերով, այլ, սոցիալական խնդիրներից ելնելով կամ լավ չպատկերացնելով այդ արժեթղթի կիրառման հնարավորությունները, պարզապես վաճառեց այն՝ անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնով։

Նկատենք, որ սեփականաշնորհման գործընթացին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում իշխանական օղակը ներկայացնող սուբյեկտները կամ էլ նրանց կից ձևավորվող ֆինանսատնտեսական խմբերը։ Սեփականաշնորհման ակտիվ փուլին  զուգընթաց խորացավ սոցիալական բևեռացումը։ 

Տնտեսական հարաբերությունների այս փուլի ընթացքում ներդրվեց ազգային դրամը (1993 թվականի նոյեմբերի 22)։  Ներդրման սկզբնական փուլում դրամի նախնական փոխարժեք սահմանվեց 1 ԱՄՆ դոլարի դիմաց 14 դրամ 65 լուման, բայց շուկայում այդ գնով դոլար գնելը գործնականում անհնար էր։ «Սև շուկայում» դոլարի գինը մեկնարկեց 25 դրամից ու հետագայում անընդհատ թանկացավ՝ պատճառ դառնալով ինֆլյացիոն սպիրալի բարձրացմանը։

Ի դեպ, մինչև դրամի ներդրումն արդեն իսկ առակա էր հիպերինֆլյացիա, որը նաև հետևանք էր ՀՀ-ում սովետական ռուբլու շրջանառության մեջ լինելու փաստի։ Խնդիրն այն էր, որ ազգային դրամին անցումը ուշացվում էր, սովետական ռուբլին դեռևս վճարամիջոց էր մեզ մոտ և այդ իսկ պատճառով նախկին սովետական երկրներից, բառիս բուն իմաստով, պարկերով ռուբլի էր բերվում Հայաստան, որը բացասաբար էր ազդում գների վրա։

Հիպերինֆլյացիան շարունակվեց նաև ազգային դրամի ներդրումից հետո։ ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանված պաշտոնական փոխարժեքը շատ կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ անկում ապրեց։

Նոր դրամավարկային քաղաքականությանը զուգահեռ ներդրվեց նաև հարկաբյուջետային քաղաքականությունը։ 1991-ից մինչև 1997 թվական նկատվում էր բյուջետային մուտքերի թերակատարում, որն ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ  սուբյեկտիվ պատճառներ։ Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերն ամիսներով, իսկ երբեմն էլ տարեկան կտրվածքով ուշացվում էին։

Ինչ վերաբերում է այս փուլի վերջում ձևավորված տնտեսական հարաբերությունների փիլիսոփայությանը, ապա այն արդեն փակ բնույթ ուներ։ Դրան նպաստում էր նաև 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը, որը ենթադրում էր կառավարման մոնոլիտ համակարգ և փաստացի ոչ շուկայական հարաբերություններ բիզնես դաշտում։ Մոնոլիտ կառավարման համակարգը իրականություն դարձրեց իշխանության և խոշոր բիզնեսի վերջնական սերտաճումը: Ավարտուն տեսքի բերվեց գիլդային  տրամաբանությամբ գործող տնտեսական համակարգը։ Այդ պահից սկսած տնտեսական հարաբերություններն ունեցան նոր տիպի դրսևորում, և անցում կատարվեց նոր հարաբերությունների. տնտեսական կյանքը թևակոխեց հաջորդ փուլ:

Ի դեպ, տնտեսական տրանսֆորմացիայի 1-ին փուլի ընթացքում քաղաքական մի շարք ֆորսմաժորային իրավիճակներ եղան։

Առաջին փուլի ավարտին (2000թ.) արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները հետևյալն են՝ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)՝ 1032629.9 միլիոն դրամ, համախառն կուտակում՝ 192 278 միլիոն դրամ, արտաքին առևտրաշրջանառություն՝ 639.6 միլիարդ դրամ, որից արտահանում՝ 160.9 միլիարդ դրամ, ներմուծում՝ 478.7 միլիարդ դրամ։

Ինչ վերաբերում է դեմոգրաֆիական իրավիճակին, ապա մարդահամարն անցկացվել է 2001-ին։ Ստացվել է հետևյալ պատկերը՝ բնակչության դե ֆակտո քանակ՝ 3.002.594 մարդ, որից 1.091.235-ը մայրաքաղաքում, իսկ դե յուրե՝ 3.213.011 մարդ, որից 1.103.488-ը մայրաքաղաքում։

2-րդ փուլի ժամանակ ձևավորված  տնտեսական խաղի նոր կանոնները հետևյալն էին՝ փոքր և միջին բիզնեսն ազատ էին այնքան ժամանակ, քանի դեռ չէին ներկայացրել խոշոր դառնալու  հայտ: Փոքրից միջին դառնալը հեշտ էր, բայց դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհն արդեն փակ էր, քանի որ դա իշխանությունների անձնական հետաքրքրությունների և շահերի տիրույթում էր:  

Քվոտայավորված տնտեսության և բուրժուազիայի շերտավորման ժամանակահատվածում հստակորեն սահմանազատվեցին խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Նկատենք, որ հարկային ճնշումներն այս փուլում առավելապես զգում էր միջին բիզնեսը, քանի որ այդ շերտն օրենսդրորեն գտնվում էր խոշորի հետ հարկման միևնույն ռեժիմում (ընդհանուր հարկման համակարգ), բայց չուներ խոշորի իշխանական հովանավորչության «բոնուսը»։ Փոքր բիզնեսը (տարեկան մինչև 50 մլն դրամ շրջանառություն ունեցողը) բավական  արտոնյալ հարկային ռեժիմում էր գործում՝ օգտվելով պարզեցված հարկի ցածր տոկոսադրույքից, որը փոխարինում էր ավելացված արժեքի  հարկին ու շահութահարկին, որոնցից յուրաքանչյուրի չափը  20% է։ Փոքր բիզնեսը հնարավորություն ուներ իր շրջանառության և գործունեության տեսակից ելնելով վճարել 3,5-5 տոկոս հարկ, ինչը բավական արտոնյալ ռեժիմ էր։ Այդ հարկային ռեժիմը փոքրի համար ներդրվեց 2000թ-ի կեսերից։

 Իրերի դրությունն այնպիսին էր, որ բիզնես դաշտի փոքր, միջին և խոշոր շերտերը միմյանց հետ առնչվում էին այնքանով, որքանով սպասարկում էին իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի շահերը։  Մանր տնտեսական գործընթացները խոշորին չէին հետաքրքրում՝ չհետաքրքրելով նաև իշխանությանը։ Փոքր ու միջին բիզնեսի տիրույթում շուկայական մրցակցության կանոնները գործում էին ամբողջ թափով։ Խոշորում մրցակցային մթնոլորտ, մեծ հաշվով, չկար. քվոտայավորման էր ենթարկված այդ տարածքը։

Այս փուլում իրենց կապիտալը շեշտակիորեն ավելացրին առավելագույնը երկու-երեք տասնյակ ընտանիքներ, որոնք  տնօրինում էին ՀՆԱ-ի զգալի մասը: Բնական էր, որ վերը նշվածից ելնելով՝ խոշոր բուրժուազիայի եկամուտներն սկսեցին աճել երկրաչափական պրոգրեսիայով, իսկ մանր բուրժուազիան զարգանում էր փոքրիկ քայլերով: Միջին բիզնեսը նույնպես աճում էր, բայց ոչ այն թափով, որի պոտենցյալն ուներ, քանի որ արտաօրենսդրական սահմանափակումներ կային։

Ի դեպ, տնտեսական աճի պայմաններում էլ ավելի խորացավ սոցիալական բևեռացումը։ Այսինքն՝ երկիրը տնտեսապես առաջ էր գնում, պետական վիճակագրությունն արձանագրում էր երկնիշ տնտեսական աճ, բայց միևնույն ժամանակ խորանում էր սոցիալական բևեռացվածությունը և աճում կոռուպցիան։

Երկրորդ փուլի ժամանակագրական տիրույթը կարելի է համարել 2000-ի մայիսից մինչև 2007-ի հունիսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարիներին հստակորեն պահպանվում էին այն խաղի կանոնները, որոնք ներկայացրեցի վերևում:  

Փաստենք, որ երկրորդ փուլում, ի տարբերություն առաջինի, տնտեսության մեջ, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, արձանագրվեց որոշակի տնտեսական աճ: Պատերազմն ավարտվել էր, էներգետիկ ճգնաժամ չկար, սեփականաշնորհումը, թերություններով հանդերձ, չէր կարող չտալ իր դրական պտուղները, և, բնականաբար, այդ ամենը բերելու էր մասնավոր բիզնեսի աշխուժացման։ Աճի լոկոմոտիվի դերում էին հանդես գալիս շինարարության և ծառայությունների ոլորտը։ Պատահական չէ, որ անշարժ գույքի գները, սկսած 2002 թ-ից շեշտակիորեն աճում էին։ Շինարարական բումը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական շոկ էր ապահովում տնտեսության համար՝ իր հետևից քաշելով նաև տնտեսության մյուս ճյուղերը, սպառողական շուկան։ Սակայն ակնհայտ էր, որ անշարժ գույքի գների շարունակական աճը «շինարարական փուչիկի» էր վերածելու տնտեսությունը և այն մի օր կարող էր պայթել, եթե տնտեսության դիվերսիֆիկացիա չլիներ։

2000-2007 թթ գրանցված տնտեսական աճն, իհարկե, մասամբ ուներ նաև արհեստական բնույթ, բայց փաստ է, որ նորանկախ Հայաստանի մակրո- և միկրոտնտեսական ցուցանիշների պիկն ունեցանք երկրորդ փուլում:

Այսպես՝ 2001թ-ին ՀՆԱ-ն կազմել է 1177234.8 միլիոն դրամ,  2002թ-ին՝ 1 362 472, 2003թ-ին՝ 1 624 643, 2004թ-ին՝ 1 907 945, 2005թ-ին՝ 2 242 881, 2006թ-ին՝ 2 656 190, իսկ 2007թ-ին՝ 3 149 283: Այդ աճին, բնականաբար,  նպաստում էր նաև միջազգային տնտեսական բարենպաստ կոնյունկտուրան: Գաղտնիք չէ, որ սկսած 2002-ից՝ ՀՀ տնտեսության մեջ տարիներ շարունակ ներարկվում էին դրսից ուղարկվող միլիարդավոր մասնավոր դրամական միջոցներ և շինարարության մեջ ներդրվող մասնավոր ու նվիրատվության բնույթ ունեցող գումարներ Լինսի» հիմնադրամ և այլն):

Այս փուլում հարկաբյուջետային քաղաքականությունը որոշակի կանոնակարգման ենթարկվեց։ Սկսած 2001-ից բյուջետային մուտքերը ժամանակին էին ապահովվում և բյուջետային վճարումները (աշխատավարձ, թոշակ, նպաստ և այլն) արդեն չէին ուշացվում։

Եթե վերը նկարագրված առաջին փուլում նկատվում էր դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի և այլ հիմնական արժույթների նկատմամբ, ապա երկրորդ փուլում, սկսած 2002 թվականից արձանագրվեց ՀՀ ազգային դրամի շարունակական արժևորում։ 1ԱՄՆ դոլարի առավելագույն փոխարժեքն արձանագրվեց 582 դրամի սահմաններում (2002թ. հունիս)։ Հայկական դրամի արժևորմանը զուգահեռ՝ ականատեսը դարձանք «հոլանդական» կոչված հիվանդության յուրօրինակ դրսևորման:

Հայաստանն այդ ընթացքում անուղղակիորեն վերածվեց նավթ արտահանող երկրի և կարճաժամկետում օգտվեց նավթի միջազգային գների աճից։ Դա տեղի ունեցավ հետևյալ սխեմայով. Ռուսաստանի Դաշնությունը նավթադոլարների հսկայական ներհոսք էր ունենում, որի հետևանքով զարգացնում էր շինարարարությունը, ինչը դրականորեն էր անդրադառնում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած այն հայ քաղաքացիների վրա, ովքեր ներգրավված էին ՌԴ շինարարական բիզնեսում։ Մեր «նավթը» արտագնա աշխատանքի մեկնած մարդն էր։ Այդ «նավթի» արտահանման արդյունքում անընդհատ աճում էին դեպի Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները՝ տարեկան կտրվածքով, ըստ տարբեր գնահատականների, 1-2 միլիարդ դոլարի չափով, որը ՀՀ բյուջետային միջոցներին համարժեք թիվ էր և որը ՀՀ տնտեսությանը դարձրեց «թմրամոլի» վարքագիծ ունեցողի։ Դրսից եկող գումարները դարձան ՀՀ սպառողական շուկայի հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Արտաքին դոլարային ճնշումները, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը բերեցին նրան, որ ժամանակի ընթացքում դրամն սկսեց կտրուկ ձևով արժևորվել։ Երկրի արտաքին առևտրային հաշվեկշիռը բացասական դարձավ։ Ճիշտ է նախկինում էլ այդպես էր, բայց դրամի «ուժեղացման» արդյունքում տնտեսությունը դարձավ  առավելապես ներմուծող: Արտահանումը հայտնվեց կաթվածահար վիճակում։ 2002-ից հետո արձանագրվող դրամի արժևորումը ներմուծման առաջանցիկ աճ ապահովեց արտահանման նկատմամբ։ Երկրորդ փուլի ավարտին  ներմուծման և արտահանման ծավալները շուրջ 4 անգամվա տարբերություն ունեին՝ հօգուտ ներմուծման:

Երկրորդ փուլում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ էր, որ տնտեսության մեջ առկա շարժը և ձևավորված հարաբերությունները հանգեցնելու էին տնտեսաքաղաքական համակարգի գերկենտրոնացման, որն արդեն հաջորդ փուլի հատկանիշներից է։

3-րդ փուլի սկիզբ կարելի է համարել 2007-ի հունիսը: Հայաստանն այժմ այդ փուլում է: Այս փուլն ունի մակրոտնտեսական մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ։ Այժմ, ի տարբերություն երկրորդ փուլում արձանագրվածի, նկատվում է ազգային դրամի փոխարժեքի հակառակ վարքագիծը։ Դրամն արդեն համեմատաբար արժեզրկվել է, ինչն անհեռատեսորեն փորձ արվեց  զսպել պետական պահուստների հաշվին, ու այս օրերին էլ նման միտում նկատվում է։ Այսինքն, ՀՀ ԿԲ-ն կրկին սխալ է գործում. նախկինում չէր միջամտում, երբ անհրաժեշտ էր, իսկ այժմ միջամտում է, երբ կարիք կա ընդամենը սահուն անկում ապահովելու։ 

Փաստորեն, տնտեսական տրանսֆորմացիաների երկրորդ փուլի վերջում արձանագրվեց  դրամի փոխարժեքի առավելագույն ցածր կետը՝ 290 դրամ, որը որակվեց որպես տարադրամային շուկայի «սև կիրակի»։ Դրանից հետո՝ երրորդ փուլում, շուրջ մեկ տարի (մինչև 2009թ մարտի 3-ը) պահպանվեց ազգային դրամի ֆիքսված փոխարժեք՝ 305 դրամ 1 դոլարի դիմաց։ Շուրջ 700  միլիոն դոլար արժեցավ դրամի ֆիքսված փոխարժեքի պահպանման գործընթացը, որն իրականացվում էր պետական դոլարային պահուստների հաշվին։

Ի վերջո, երբ ակնհայտ դարձավ, որ այլևս հնարավոր չէ արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը և պետական պահուստներն էլ ավարտվում էին, 2009-ի մարտի 3-ին ՀՀ ԿԲ ղեկավարությունը հայտարարեց, որ անցնում են լողացող փոխարժեքի (ի դեպ, ԿԲ-ն երբեք չէր ասել, թե ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում և անհասկանալի էր այն հայտարարությունը, որ անցում է կատարվելու լողացողի) և այդ օրն իսկ դրամը արժեզրկվեց դոլարի նկատմամբ ավելի քան 20 տոկոսով։

3-րդ և 2-րդ փուլերի տարբերությունն այն է, որ կտրուկ փոփոխություն մտավ հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Նոր հայեցակարգ ներմուծվեց դաշտ: Որդեգրվեց «մեծ բյուջե» ունենալու քաղաքականություն: ՀՀ պետբյուջեի ծախսային մասը 2007-ին հաջորդած տարիների ընթացքում առաջանցիկ աճ արձանագրեց ՀՆԱ աճի նկատմամբ: Այսպես՝ 2007-ի պետբյուջեի ծախսային մասը 1,7 միլիարդ դոլարի կարգի էր, իսկ երբ իշխանության ներսում նոր դասավորումներ եղան, 2008-ի համար ընունվեց 2,5 միլիարդ ծախսային մասով բյուջե, իսկ 2009-ի համար՝ ավելի քան 3,1 միլիարդանոց (1 ԱՄՆ դոլարը 305 դրամի հաշվարկով)։

Բյուջետային ծախսերը մնացին համեմատաբար բարձր   մակարդակի վրա նույնիսկ այն դեպքում, երբ ունեցանք ՀՆԱ անկում. Ֆինանսական ճեղքվածքները մասամբ փակվեցին արտաքին պարտքի հաշվին: 2009-ի բյուջեն փաստացի ծախսային սեկվեստորի ենթարկվեց, քանզի մուտքերի առումով խնդիրներ առաջացան և որոշակի ծախսեր տեղափոխվեցին 2010 թվական։

Նկատենք, որ անկախ տիրող իրավիճակից, սպառողական պահանջարկի անկումից և տնտեսական կյանքի վատթարացումից՝ կառավարությունը չգնաց հարկային քաղաքականության վերանայման։ Բյուջեի թվերն ապահովելը դարձավ գերնպատակ։ Նման քաղաքականության արդյունքում առաջինը տուժեցին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, ում վրա նման հարկային բեռը բավական ծանր նստեց։ Սերժ Սարգսյանի թիմը 2007թ-ի ամռանը ընդունված օրենսդրական փոփոխությամբ 2008-ի հունվարի 1-ից գրեթե վերացրեց պարզեցված հարկը, որի ռեժիմով մինչև այդ աշխատում էր շուրջ 28 000  տնտեսվարող սուբյեկտ։ Դրանից հետո հարկային բեռը պարբերաբար ավելացել է։ Որքան մեծանում էր բյուջեի դեֆիցիտը, այնքան կառավարությունն էլ ավելի էր մեծացնում հարկային ճնշումը։

Կա տեսակետ, որ 2009-ին պաշտոնապես արձանագրված ՀՆԱ 14,4 տոկոս տնտեսական անկումն առավելապես  ՀՀ իշխանությունների գործունեության, 2008-ից թափ առած կոշտ հարկաբյուջետային քաղաքականության հետևանք է, այլ ոչ թե և ոչ այնքան միջազգային ճգնաժամի  ազդեցության:

Ինչ վերաբերում է միջազգային տնտեսական գործընթացներին, ապա դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առավելապես զգացնել տվեց դրսից ուղարկվող գումարների նվազեցման և պղնձի ու մոլիբդենի միջազգային գների անկման մասով։ Ինչպես հայտնի է, ՀՀ-ն պղինձ ու մոլիբդեն արտահանող երկիր է և 2009-ի ընթացքում այդ հումքատեսակների միջազգային գների անկումն ազդեց հայրենական արդյունահանողների վրա՝ տարադրամի ներհոսքի կրճատման և արդյունահանման ծավալների պակասեցման տեսքով։ Միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Ռուսաստանի վրա (նավթի միջազգային գների անկման հետևանքով) ազդեց նաև «նավթ» արտահանող Հայաստանի վրա։ 2009-ին արձանագրվեց մասնավոր տրանսֆերտենրի ներհոսքի շուրջ 30 տոկոս անկում։ Դա իր հետ բերեց երկրի ներսում սպառողական պահանջարկի նվազեցման։

Անշու՛շտ, այս ամենը հաշվի առնելով, կար միջազգային ճգնաժամի ազդեցությունը, բայց ներքին տնտեսական քաղաքականությունն ու «մեծ բյուջե» ունենալու ցանկությունն ավելի մեծ  բացասական դեր խաղացին, քան վերը նշված արտաքին գործոնները։

Մակրոտնտեսական ցուցանիշները ևս հուշում են այդ մասին։ 2008-ին դեռևս պահպանվում էր տնտեսական աճի իներցիան (չնայած միջազգային ճգնաժամն արդեն առկա էր) և ՀՆԱ-ն կազմեց 3650049.8 միլիոն դրամ, որը 510695,9 միլիոն դրամով ավելին էր, քան 2007-ին արձանագրվածը (3139353.9 միլիոն դրամ), սակայն 2009թ-ին գրանցվեց ՀՆԱ 3 102 815 միլիոն դրամանոց արդյունք, որն ավելի պակաս էր, քան կար 2007-ին։  

2009-ին արձանագրված մակրոտնտեսական մյուս ցուցանիշների դինամիկան նախորդ տարվա հետ համեմատ հետևյալն է՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալը անկում է ապրել  7,8 %-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման նվազել է  6,4 %-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա 92,8 %-ն է կազմում, Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը պակասել է 0,1 %-ով, շինարարության ոլորտի անկումն ամենաշատերից է՝ 36,4 %: Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1466.8 միլիարդ դրամ կամ 4001.9 միլիոն դոլար, որը նախորդ տարվա հետ համեմատած պակաս է  27 %-ով։ Ներմուծումը նախորդ տարվա համեմատ պակասել է 25,3%-ով, իսկ արտահանումը՝  34 %-ով։ Ներմուծման և արտահանման տարբերությունն ի օգուտ ներմուծման է ավելի քան 4,7 անգամ։

Ծառայությունները և մանրածախ առևտուրն այն եզակի ոլորտներից են, որտեղ 2009-ին աճ է արձանագրվել՝ համապատասխանաբար 1,3 և 1 տոկոսային կետերով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի կազմել է 101895 դրամ, որը 2008-ի համեմատ ավել է 9,8%-ի չափով։  ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը 2008-ի համեմատ կազմել է 101.5 %, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 103.4 %։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև դեմոգրաֆիկ պատկերը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ ՀՀ մշտական բնակության քանակը կազմում է 3249,5 հազար մարդ։

Անդրադառնալով 2010-ի ընթացիկ տվյալներին՝ պետք է արձանագրել, որ զուտ ցուցանիշների առումով կա որոշակի բարելավում։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 5,5 %-ով։ Սակայն դժվար է միանշանակ պնդել, որ ճգնաժամն ավարտվել է, քանի որ այժմ նկատվում են ինֆլյացիոն երևույթներ։ Այժմ առկա է պլանային 2,5-5,5 % պլանային ինֆլյացիոն ցուցանիշից շեղում և ԿԲ-ն հակաինֆլյացիոն քաղաքականություն է վարում՝ թանկացնելով փողի գինը և պարբերաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Առայժմ հնարավոր չի լինում զսպել գնաճը, որը հետևանք է կառավարության ընդլայնողական քաղաքականության (արտաքին պարտքը վերջին տարում կրկնապատկվել է և 2009-ի վերջի ցուցանիշներով 3 միլիարդ դոլարի շրջանակներում է) և դոլարի թանկացման, որն ազդում է ներմուծվող ապրանքների գների վրա, իսկ այդ ներմուծումները զգալի ծավալ են զբաղեցնում ՀՀ շուկայում։

Ներկայիս կառավարությունն իր ծրագրով խոստացել էր տարեկան միջինը 9,2 տոկոս տնտեսական աճ ապահովել։ Հնարավո՞ր կլինի դա, թե՞ ոչ՝ դժվար է կանխատեսել։ Էականն այն է, որ վարվող քաղաքականությունը փոխվի, ինչի տենդենցները չեն երևում։ Ճիշտ հակառակը։

Ամփոփելով ՀՀ-ում արձանագրված տնտեսական գործընթացները և գոյություն ունեցող մոդելը՝ կարելի է ասել, որ մեզ մոտ ձևավորված է քվազիկապիտալիստական համակարգ, որտեղ կան իշխանության և բիզնեսի սերտաճում, արհեսական մենաշնորհներ, մի շարք ապրանքային շուկաներում գնագոյացման հակաշուկայական մեխանիզմների առկայություն և այլն։

ՀՀ-ում չկա բաժնետիրական կառավարման կուլտուրա, չկան մասնավոր սեփականության պաշտպանության իրական երաշխիքներ, ձևավորված չեն  գործատու-աշխատուժ քաղաքակիրթ հարաբերություններ։ Մշտապես առկա է խոշոր կապիտալի և որակյալ աշխատուժի արտահոսքի վտանգ։ Այդ վտանգը հատկապես մեծացել է վերջին շրջանում, քանի որ առկա է սեփականության վերաբաշխման սողացող գործընթաց։ Բացի այդ, տնտեսության գերկենտրոնացումն ու բիզնեսի բոլոր շերտերի նկատմամբ ճնշման աճը ևս նպաստում են արտագաղթին։

. . .

Առաջարկություններ։ Հաշվի առնելով մի շարք երկրների փորձը և հայաստանյան առանձնահատկությունները՝ կարելի է հետևյալ կերպ բարեփոխել մեզանում գոյություն ունեցող տնտեսաքաղաքական համակարգը։

Ինքնին հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ են նաև քաղաքական բնույթի բարեփոխումներ, սակայն մենք առավելապես կնշենք տնտեսական բնույթի կետերը։

Տրանսֆորմացիոն փուլը հնարավորինս արդյունավետ կհաղթահարվի և կայուն, դինամիկ զարգացող հարաբերություններ կհաստատվեն հետևյալ հաջորդական գործընթացների շրջանակներում, ինչը մեզ համար կարող է լինել որպես տնտեսաքաղաքական հարաբերությունների նոր փուլին անցնելու գործողությունների ուղենիշ և ինդիկատոր.

1-ին փուլ՝ պետության տնտեսական քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է՝

ա) ներմուծման փոխարինում և արտահանմանն ուղղված քաղաքականություն,

բ) հիմնական այլ արժույթների հետ համեմատած՝ թույլ դրամի քաղաքականություն,

գ) ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերի ձևավորման կամ զարգացման նպաստում,

դ) տնտեսության իրական հատվածում մասնավոր և պետական ներդրումների ավելացում,

ե) պետական ներդրումներ տնտեսական ենթակառուցվածքներում,

զ) փոքր և միջին բիզնեսի խրախուսում պրոգրեսիվ հարկման համակարգի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարների ներդրման  միջոցով՝ կախված բիզնեսի տեսակից, ծավալներից ու սոցիալական նշանակությունից։

2-րդ փուլ՝

ա) տնտեսական ժողովրդավարություն,

բ) սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների տրամադրում,

գ) իշխանության և բիզնեսի տարանջատում,

դ) բաժնետիրական կառավարման կուլտուրայի արմատավորում։

3-րդ փուլ՝

ա) մրցակցային ազգային բուրժուազիայի կայացումից հետո աշխատուժի ամբողջական իրավունքների պաշտպանության համակարգի  ձևավորում, որը կնպաստի հզոր արհմիությունների ստեղծմանը,

բ) վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների առկայություն,

գ) քաղաքակիրթ և լեգիտիմ հարաբերություններ իշխանության, գործատուների և արհմիությունների միջև:

Նշված 3 խումբ գործողությունների  հաջորդաբար կյանքի կոչումը, համոզված եմ,  մեզ  դուրս կբերի անցումային կոչվող շրջանից, զուգահեռաբար կզարգանան ժողովրդավարական ինստիտուտները, անկախ դատարանները, և արդեն հնարավոր կլինի խոսել որակապես նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների մասին։

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,

տնտեսագիտության թեկնածու

29.10.2010, Թբիլիսի

Օգտագործված աղբյուրները՝  http://www.armstat.am/ru/?nid=82, http://www.armstat.am/file/article/sv_12a_2000_0.pdf, http://cba.am/CBA_SITE/?__locale=en, http://www.armstat.am/file/article/sv_12_09r_03.pdf, http://www.armstat.am/am/?nid=82&year=2010, http://www.armstat.am/am/?nid=82, http://www.gov.am/files/docs/76.pdf, http://www.armstat.am/ru/?nid=82, http://docs.armstat.am/census/pdfs/13.pdf, http://docs.armstat.am/census/pdfs/13.pdf, http://www.armstat.am/file/article/nasel_1_01_10.pdf 

Այս խորագրի վերջին նյութերը