Քաղաքական

25.10.2016 14:15


Ջեյմս Ուորլիք. «Հուսով ենք՝ Սարգսյանն ու Ալիևը կկարողանան հանդիպել»

Ջեյմս Ուորլիք. «Հուսով ենք՝ Սարգսյանն ու Ալիևը կկարողանան հանդիպել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կկարողանան հանդիպել և երկխոսությունը կշարունակվի ամենաբարձր մակարդակով։ Նա նշել է, որ հանդիպման կոնկրետ օրը հայտնի չէ, սակայն ցանկացած պահի, երբ երկու կողմերը պատրաստ լինեն, համանախագահները կկազմակերպեն այդ հանդիպումը։

–Եկել ենք տարածաշրջան մի քանի պատճառով։ Առաջին նպատակը խոսելն էր հրադադարի ռեժիմը հարգելու մասին։ Ուրախ ենք, որ ապրիլից ի վեր հիմնականում այն պահպանվել է: Գիտեմ, որ եղել են զոհեր և մենք ցանկանում էինք խոսել կողմերի հետ այդ միջադեպերի և շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածությունների մասին,–ասել է Ջեյմս Ուորլիքը:

Այցի երկրորդ նպատակը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին հետամուտ լինելն է:

Իսկ երրորդ նպատակը, ըստ Ուորլիքի, տևական խաղաղության ուղղությամբ իրենց՝ միջնորդների աշխատանքն է:

–Իմ երազանքն է, որ երկու ժողովուրդները կարողանան կողք-կողքի ապրել։ Այդպես եղել է նախկինում, բայց երիտասարդ սերունդը չի հիշում դա,–ասել է Ուորլիքը,–Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարևոր տարրերից մեկն է, որը կա բանակցությունների սեղանին: Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին։ Մենք պետք է շիտակ խոսենք խնդրի կարգավորման բոլոր տարրերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հարակից տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը