Մեկնաբանություն

23.10.2016 17:05


Ծրագիր VS գործողություններ

Ծրագիր VS գործողություններ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրն ԱԺ–ում ընդունվեց 85 կողմ ձայնով։ Ծրագրին հավանություն են տվել ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն ու խորհրդարանում գտնվող և «տակից» ՀՀԿ–ություն անող պատգամավորները, ովքեր ներկայացված են տարբեր խմբակցություններում։

Լա՞վն է արդյոք Կարապետյանի «կաբինետի» ծրագիրը, թե՞ վատն է։ Հարցն ունի փիլիսոփայական բնույթ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանն ասաց, որ կարծիք է եղել, թե ծանր «շտանգա» են պատվիրել ու միգուցե «գրիժա» ստանան, բայց ինքը չի վախեցել «գրիժայից»։ Թե ինչ «բժշկական» հետևանքներ կլինեն առաջիկայում, «հերձումը» ցույց կտա։

Նկատենք, որ աշխարհի գրեթե ոչ մի կառավարություն վատ ծրագիր գրեթե չի ներկայացրել։ Կարապետյանինը բացառություն չէ։ Այսինքն՝ ծրագիրը, որպես այդպիսին, վատը չէ։ Ժողովրդական լեզվով ասած՝ «կպնելու» տեղ քիչ կա, մանավանդ որ չափելի և կոնկրետ խոստումներ չկան տրված, որ հետո դրանցից բռնենք ու բան պահանջենք։

Թվով չափելի խոստումներ չկան և չեն էլ կարող լինել, քանի որ վեց ամսվա կառավարության հետ գործ ունենք, այսինքն՝ անցումային գործադիր մարմին է ձևավորված, որից հանրության որոշակի շերտերի մոտ, այդուհանդերձ, կա որոշակի սպասում։

Կկարողանա՞ Կարապետյանը քայլեր կատարել, որոնք կբավարարեն այդ սպասումները, դժվար է ասել։ Ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա։

Ժամանակը ցույց կտա նաև, թե որքանով Կարեն Կարապետյանը կկարողանա ինքնուրույն գործիչ դառնալ և դիստանցավորվել Սերժ Սարգսյանից (ՀՀԿ ղեկավարի նախագահության պարագայում կառավարությունից տնտեսական դաշտի լուրջ բարեփոխումներ ակնկալելն առնվազն միամտություն է)։

Եթե նոր վարչապետն անի այն, ինչը չկարողացավ անել Հովիկ Աբրահամյանն ինքնուրույն գործիչ դառնալու առումով, ապա կարող ենք ասել, որ նա ինչ-որ չափով կհաջողի։ Իսկ եթե վեց ամսում այս ուղղությամբ ոչինչ տեղի չունենա, ապա դա կնշանակի, որ նա կամա, թե ակամա համաձայնել է ստանձնել ժամանակավոր աթոռապահի դերը, ինչը ոչինչ չի տա ո՛չ իրեն, ո՛չ հանրությանը։

Մի խոսքով, շատ չմնաց, ամեն ինչ շուտով ջրի երես դուրս կգա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը