Մեկնաբանություն

22.10.2016 00:30


Մեր օրերի «Ուլյանովը»

Մեր օրերի «Ուլյանովը»

Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ նախագահի ընտրության ժամանակ հնարավո՞ր է, որ այլ թեկնածու առաջադրվի, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու քո տված հարցին հավատո՞ւմ ես,- ապա ավելացրեց,- ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ՝ երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»։

Կայքերից մեկում այսպիսի բան եմ կարդում: Հիշեցի սովետական հայտնի կարգախոսը՝ «Լենինը կենդանի է, Լենինը մի՛շտ կենդանի է, Լենինն անմահ է»:

21-րդ դարում Սերժ Սարգսյանը Վլադիմիր Ուլյանովի դերում է: Թեպետ Սահմանադրություն է փոխել և սահմանադրական «բարեփոխումները» արդարացնում էր նաեւ նրանով, թե անհրաժեշտ է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հաստատում, սակայն, իր գլխավորած ուժի ներսում ժողովրդավարությունը բացառված է:

Պարզվում է՝ ինքն է միակն ու անկրկնելին, ինքն է եզակին ու անփոխարինելին, որի կողքին չեն համարձակվելու թեկնածություն առաջադրել այլ կուսակցականներ:

Հայտնի է ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարի օրակարգը: Փոխվելու է ամեն ինչ (կանոնադրությունը, գործադիր մարմնի կազմը), բայց ո՛չ առաջնորդը: Սերժ Սարգսյանը ցկյանս ղեկավարելու է ՀՀԿ-ն: Ինչը նշանակում է, որ երկիրը կառավարելու ախորժակից էլ չի բողոքում: Իսկ երբ շատերն ասում էին, թե ՀՀԿ ղեկավարը Սահմանադրությունը փոխում է միայն իր համար, որպեսզի հավերժացնի սեփական իշխանությունը, նույն ՀՀԿ-ականները հակադարձում էին, թե նման բան չկա:

Ինքը Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, թե ոչ մի պաշտոնի չի հավակնում: Մինչդեռ կյանքը, քաղաքական իրականությունը հակառակն են ապացուցում: Եվ շատ խորհրդանշական է, որ ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարին ներկա է լինելու նաեւ Չինաստանի Կոմկուսը: Իսկ երկու օր առաջ էլ ՀՀԿ ղեկավարը դարձյալ պետության հաշվին կուսակցական հավաքի մասնակցելու նպատակով Նիդեռլանդներ էր մեկնել: Դե, որպեսզի ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարն իր ներկայությամբ պատվեր նաեւ ԵԺԿ-ն:

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, պարզվում է, գալու է Երեւան, որպեսզի ծափահարի ՀՀԿ նախագահի պաշտոնում դարձյալ ու կրկին Սերժ Սարգսյանի վերընտրությունը՝ աչք փակելով առանց այլընտրանքի անցկացվող այդ ընտրության վրա: Սա էլ Եվրոպան:

Մի խոսքով, Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակը սրբորեն պահպանում է բոլշևիզմի կամ նեոբոլշևիզմի «լավագույն ավնադույթները»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը