Մեկնաբանություն

21.10.2016 13:31


Մադոննայի սխրանքը, Քիմ Քարդաշյանի հայրենասիրությունը և հայկական ժողովրդավարությունը

Մադոննայի սխրանքը, Քիմ Քարդաշյանի հայրենասիրությունը և հայկական ժողովրդավարությունը

Ինչպես հայտնի է, ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են սպասվում։ Ամերիկացիները պետք է ընտրություն կատարեն քաղաքական «բարբի տիկնիկ» Քլինթոնի և «կտցրած» օլիգարխ Թրամփի միջև։

Կողմերն ամեն ինչ անում են, որպեսզի ձայներ կորզեն։ Նույնն անում են նրանց թիմակիցները և համակիրները։

Օրինակ՝ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան հայտարարել է, որ սեքսով կզբաղվի յուրաքանչյուրի հետ, ով ԱՄՆ նախագահական ընտրություններին կքվեարկի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:

Նկատենք, որ դա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է (հետո էլ ասում են, թե ԱՄՆ–ում օրինակելի ժողովրդավարություն է)։ Հայաստանյան ընտրակաշառքից այն տարբերվում է իր ձևով։ Տվյալ դեպքում ոչ թե փող է խոստացվում, այլ «բնամթերք»։ Թե որքանով այն արդյունավետ կլինի, թողնենք ամերիկացիների որոշմանը։

Իսկ ընդհանրապես, դա տարածված երևույթ է Արևմուտքում։ Այս կամ այն հայտնի դեմքն էպատաժային բան է խոստանում հաղթանակի դեպքում, ընդ որում՝ ոչ միայն ընտրությունների ժամանակ։

Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյուի մոդել ընկերուհին խոստացել էր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ մեկ գիշեր անցկացնել, եթե Ֆրանսիան չեմպիոն դառնա։

Կարամբյուի բախտը բերեց։ Ֆրանսիան այդ տարի չեմպիոն չդարձավ, բայց դե, «նստվածքը» մնաց։

Մի խոսքով, Արևմուտքում խրախուսական տարբեր «մրցանակների» կիրառման մշակույթ կա։ Այլ է վիճակը Հայաստանում։ Այստեղ ընտրողին իշխանությունները շահագրգռում են հիմնականում «չոր» փողով, իսկ ոչիշխանությունը ժողովրդին խոստումներ է տալիս ու փորձում գաղափարական պայքար մղել։ Առայժմ հաղթում է «չոր» փողը։

Իրավիճակը փոխելու համար կարելի է արևմտյան տեխնոլոգիաները մեզ մոտ էլ կիրառել։ Ի՞նչ պակաս Մադոննա է Քիմ Քարդաշյանը։ Վերջինս կարող է հանուն հայրենիքի և հայկական ժողովրդավարության հաստատման՝ գնալ ոչ ստանդարտ քայլի և ընտրակաշառքի սպասում ունեցող յուրաքանչյուր հայ տղամարդու խոստանալ, որ ընտրակաշառք չվերցնելու և իշխանությունների օգտին չքվեարկելու դեպքում ինքը պատրաստ է ... Մի խոսքով, պարզ է, թե ինչի է պատրաստ Քիմ Քարդաշյանը։

Այս ուղղությամբ մտածել է պետք։ Կարծում ենք՝ Մադոննայի համեմատ «տան աղջկա» կարգավիճակ ունեցող Քիմն էլ դեմ չի լինի, հատկապես որ դա ընդամենն իր կողմից հայտարարություն է լինելու, այլ ոչ թե գործնականում կյանքի կոչվող «միջոցառում»։ Թեև, ով գիտե։ Ինչեր չես անի հանուն հայրենիքի ու հայկական ժողովրդավարության հաստատման։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը