Քաղաքական

20.10.2016 22:41


Ստեփան Մարգարյան. «Կառավարության ծրագրում կա անորոշություն»

Ստեփան Մարգարյան. «Կառավարության ծրագրում կա անորոշություն»

Այսօր Ազգային ժողովում ներկայացվեց նոր ձևավորված կառավարության ծրագիրը: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ծրագրին գնահատական տալիս առաջին հերթին մատնանշեց անորոշությունը, որն, ըստ նրա, կա ծրագրում:

«Անորոշությունը կայանում է նրանում, թե ինչ տևողության ծրագիր է սա: Այն մինչ ապրիլյան խորհրդարանական ընտրություննե՞րն է, թե հետոյի վրա էլ է տարածվելու: Պետք է հստակեցնել՝ ինչն է վերաբերում մինչև ապրիլին և ինչը՝ դրանից հետոյին, որպեսզի ծրագրի իրատեսկան լինելու գնահատականը պարզ լինի: Ապրիլյան ընտրություններից հետո, բնականաբար, կառավարություն է փոխվելու, այդ իսկ պատճառով կա հստակեցման անհրաժեշտություն»,-Zham.am-ին ասաց Մարգարյանը:

Խոսելով ծրագրում առկա խնդիրների մասին՝ պատգամավորը նշեց, որ թվարկված հարցերը և դրանց լուծումները մեծ մասամբ ընդհանրական են և ինքը կուզենար, որ դրանք ավելի մանրամասն ներկայացված լինեին: Մյուս կողմից՝ խնդիրները շատ ավելին են, քան ներառված են կառավարության ծրագրում:

«Ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ձևակերպված են, դրանք օբյեկտիվորեն գոյություն ունեն, բայց իրականում գոյություն ունեն ավելի շատ խնդիրներ, քան ներկայացված են ծրագրում: Մյուս կողմից համոզված եմ, որ ցանկացած խնդիր ունի լուծում և ոչ տևական ժամանակի մեջ: Ես չեմ կիսում այն միտքը, որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ երկար ժամանակ հնարավոր չի լուծումներ տալ այսօրվա իրավիճակին և երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար»,-նշեց Ստեփան Մարգարյանը:

Կունենա արդյո՞ք այս կառավարությունը հաջողություն, թե չէ, Մարգարյանը նշեց, որ կդժվարանա ասել, քանի որ ամեն ինչ կախված է երկու բանից ՝ որքանով ազատ կլինի իր որոշումներում և որքանով կուզենա լուծել նշված խնդիրները:

«Կառավարություն կառավարության հետևից փոխվում է, իսկ խնդիրները մնում են: Ես կարծում եմ, որ ցանկացած կառավարության աշխատանքը կարելի է գնահատել լավ կամ վատ այն բանից, թե որքանով է այն ազատ իր որոշումներում, հերթական քայլն անելու մեջ: Եթե կառավարությունն ինքը ազատ է և չի կարողանում անել, ապա, բնականաբար, նրա աշխատանքները գնահատում ես բացասական»:

Տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներից նա համարում է օտարերկրյա ներդրումները, որոնք վերջին տարիներին գրեթե զրոյացան Հայաստանում:

Մանրամասները՝ Zham.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը