Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը»
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 27 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարար Նալբանդյանը, ողջունելով Սփյուռքի լրագրողներին Արտաքին գործերի նախարարությունում, կարևորեց նման ձևաչափով հանդիպումները՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անմիջականորեն տեղեկացնելու առումով:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ցեղասպանության դատապարտման և մարդկության դեմ նոր ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին և այդ համատեքստում՝ սիրիահայերին ցուցաբերվող օժանդակությանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը:
Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր։
Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան:
Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունը ուղղակի փախուստի դիմեց։
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից վեց ամիս անց Բաքվում հանկարծ մի նոր միֆ են հորինել, թե ով է սանձազերծել ռազմական գործողությունները, կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և բարբարոսություններ գործել՝ փորձելով մեղադրել հայկական կողմին այն ամենում, ինչով հենց իրենք շարունակաբար պարծենում էին լրատվական միջոցներով, սոցիալական ցանցերով և այդ հանցանքների հեղինակներին բարձր պարգևներ շնորհելով։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու և սեփական հանրությանը մոլորեցնելու մրցույթ է հայտարարվել։ Բայց դե բոլորս գիտենք, թե նման մրցույթներում ով է միշտ հաղթանակած դուրս գալիս Ադրբեջանում։
Սակայն այսօր ադրբեջանական ղեկավարության առասպելաբանությունը տարածվում է ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վրա։
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանում առանց բացառության հարգվում են բոլոր ժողովրդավարական նորմերը: Օրինակ՝ ծաղկում է քաղաքացիական հասարակությունը։ Բայց պարզվում է նույն կարծիքին չէ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, ով սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում կաթվածահար է և անկախությունից ի վեր ամենավատ վիճակում է գտնվում: Մարդու իրավունքների հարցերում Ադրբեջանի խայտառակ իրականության վերաբերյալ, իհարկե, միջազգային կառույցներից շատ այլ մեջբերումներ կարելի է անել:
Բաքվի կարծիքով իրենց երկրում մամուլը լիակատար ազատություն է վայելում: Մինչդեռ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն, Ադրբեջանը դասվում է աշխարհի տասը ամենագրաքննվող երկրների շարքում: Ավելին` զբաղեցնում է «պատվավոր» հինգերորդ տեղը: Աշխարհում Մամուլի ազատության ցուցիչով Ադրբեջանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը։
Ադրբեջանի ղեկավարները սիրում են կրկնել, որ իրենք կառուցում են բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողականության վրա հիմնված հասարակություն: Իսկ ինչպե՞ս է դա համադրվում Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. հերթական զեկույցի հետ, որտեղ խոր մտահոգություն է հայտնվում` ինչպես պետական մակարդակով հակահայկական ատելության քարոզչության, այնպես էլ Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության վերաբերյալ:
Ադրբեջանի ղեկավարության ամենասիրելի փուչիկը` տնտեսության վերաբերյալ, ևս պայթեց նախորդ տարի, երբ, նավթի և գազի գների անկման հետ կապված, տնտեսությունը լուրջ ցնցումների ենթարկվեց, իսկ ազգային արժույթը` մանաթը, Բլումբերգ գործակալության տվյալներով՝ աշխարհում ամենամեծ անկումը գրանցեց: Այսինքն՝ Ադրբեջանը նստած էր գազի և նավթի ասեղի վրա, ասեղը ծակեց այդ փուչիկը, և կամաց-կամաց օդը դուրս եկավ: Սա էր իրենց գովերգած ամբողջ հաջողությունը:
Այսքանից հետո, կարծում եմ, ավելորդ է հարցը, թե ով կարող է հավատալ այս կեղծարարություններին»։