Մեկնաբանություն

19.10.2016 00:05


Դատարկվող երկրում՝ սրտաճմլիկ լոզունգներ

Դատարկվող երկրում՝ սրտաճմլիկ լոզունգներ

Հայրենիքում մնացած մի բուռ ժողովրդին ճոռոմ գաղափարներով կերակրելու ժամանակը, թվում է, վաղուց անցել է: Անցա՛ծ պետք է լիներ: Ավաղ: Հիշում եք, մեկը կար, որ «երազկոտ» հայացքով արտաբերում էր՝ «Հայկական աշխարհ»: Եվ, եթե վիպասան Րաֆֆին ողջ լիներ, լսելով նրան՝ նախանձից նորից կմեռներ:

Մեկն էլ կա, որ սրտամաշության սեանսներ էր անցկացնում, գոչելով՝ «Սա Հայաստանն է և վե՛րջ»: Այս ձևակերպման իրական հեղինակն էլ եթե ողջ լիներ ու տեսներ, թե իր խոսքը կրկնողը նույն այդ Հայաստանն ու Արցախն ինչպես է պահում՝ նորից կիջներ փոսն ու կխնդրեր, որ իր վրա հող լցնեն:

«Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը»: Հիմա էլ ահա՛ այսպիսի բան եմ կարդում: Այդքան ռազմահայրենասեր չեմ, որ հուզմունքից նվաղեմ ու ասեմ՝ վա՛խ, քո ցավը տանեմ ես: Դե հիմա՛...ռազմահայրենասիրության իմ բաժինը նվիրում եմ նման գաղափարներ հղացողներին, որոնք հերթական անգամ «նիրվանայի» մեջ են գցում շատերին: Ի՞նչ է նշանակում ազգ-բանակ գաղափարի ներդրումը պաշտպանության ոլորտում, երբ Հայաստանը դատարկվում է ու աղետի է նմանվում արտագաղթը: Որտե՞ղ է ազգը՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, ՌԴ-ում, թե՞ Թուրքիայում: Ամենուր է ազգը, իսկ հայրենիքում՝ նրա չնչին մասը:

Ազգ-բանակ բարձրագոչ գաղափարը «ռասկրուտկա» անելու փոխարեն, նախ՝ կարողացե՛ք կանխել արտագաղթը, որպեսզի սահմանագոտում մեր զինվորն առանց անմիջական թիկունքի չմնա: Թե չէ՝ դպրոցական պլակատի ոգով հայտարարել՝ ազգ-բանակ, իսկ դրա տակ չունենալ սոսկ մարդկային ներուժ՝ աբսուրդ է: Կատարյալ աբսուրդ: Չենք խոսում արդեն 80-ականների զենքով ու բահով պահվող բանակի մասին:

Եթե նման գաղափար հղացողներին ոգևորել է Արմենչիկի «բարեգործությունը», երբ նա մեր զինվորներին կես կգ-ոց տոպրակներ էր բաժանում (նվաստացուցիչ պահ), ապա դա էլ խայտառակություն է: Այդ գաղափարը հղացողներն արդյոք ճշտե՞լ են՝ ի՞նչ հող կա իրենց գաղափարի տակ: Ութ տարում ազգից 300 հազարը հեռացել է: Սա՞ է նման գաղափար երկնելու համար «հող» հանդիսացել:

Դատարկվող երկրում միայն սրտաճմլիկ լոզունգների հերթագայություն է, իսկ դրանց տակ գործ չկա: Չի՛ք: Լիներ՝ ապրիլին 100 զոհ չէինք տա և 800 հեկտար տարածք էլ չէինք կորցնի: Բայց դե, գործող իշխանությունը գնում է հեշտ ճանապարհով՝ ցանկացած ոլորտի համար կարգախոս հորինելու և այդ կերպ սեփական անգործությունը «արդարացնելու» ճանապարհով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը