Կարծիք

30.10.2010 10:19


Ո՞վ է պատասխանատու օդանավային ուղևորների կյանքի անվտանգության համար

Ո՞վ է պատասխանատու օդանավային ուղևորների կյանքի անվտանգության համար

Հոկտեմբերի 23 -ին CZECH AIRLINES CSA - OK 931 երթուղով, ժամը 05:15 րոպեին, Երևանից - Փրահա- Սթոքհոլմ էի թռչում: Թույլատրվող կշիռով ճամպրուկս հանձնելուց հետո, նշված օդանավային ընկերության հերթապահ պարոն Արսեն Սարգսյանը դիմեց ինձ՝ ասելով.

- Դուք  ձեռքի երկու պայուսակներով օդանավ  չեք բարձրանալու (մեկը իմ աշխատանքային համակարգիչն էր, իսկ մյուսի պարունակությունը հիգիենայի անհրաժեշտ իրեր էին, դեղորայք ու փաստաթղթեր) : Իմ այն բացատրություններից  հետո , որ համակարգիչը հատուկ ստուգման ու զննման է ենթարկվում և հանձնելու ենթակա չէ, իսկ երկրորդ փոքր պայուսակը անհրաժեշտ միջոցներ են, նա կրկնեց իր ասածը. - Դուք օդանավ չեք բարձրանա, այդ օրենք է: Երբ պահանջեցի օրենքը հաստատող փաստաթուղթ, զայրացած ասաց.

- Դուք այդ պետք է իմանայիք: Պրն. Սարգսյանը հանդիպելով իմ համառությանը, գնաց ու վերադարձավ  անգլերեն լեզվով մի գրությամբ, որը հարցի հետ բոլորովին կապ չուներ: Ես պահանջեցի հայերեն լեզվով այս հարցին վերաբերվող գրություն, քանզի Հայաստանի պետական լեզուն հայերեն է:  Նա ափերից դուրս եկավ,  պատասխանելով.

- Մենք պարտավոր չենք ձեզ համար թարգմանելու, հայերենը միջազգային լեզու չէ:

Մեր վեճը ավարտվեց  այն բանով, որ Զվարթնոց օդանավակայանի  առաջին բուժօգնության  երկու բուժաշխատողներ չափումներից հետո հաստատեցին, որ իմ արյան ճնշումը հասել է 200-ի անթույլատրելի սահմանին: Այդ պահին անհետացավ պրն. Արսեն Սարգսյանը: Համապատասխան բուժօգնություն ստանալուց  հետո, իմ երկու պայուսակներով ուղեկցեցին ինձ օդանավ:

Օդանավում տեղս գրավելուց ու մի բաժակ ջուր խմելուց հետո,  դեռ  շնչառությունս  չէր կարգավորվել, սկսվեց չեխերեն, ապա անգլերեն ու ռուսերեն լեզուներով անվտանգության ու թռիչքային ապահովության կանոններն  ու միջոցառումները: Սպասարկող անձնակազմը  ձեռքերի ու մարմնի շարժումներով մեկնաբանում են անհասկանալի լեզվով կատարվող հույժ կարևոր ապահովության կանոնները: Օդանավը թռչում է Հայաստանից, ուղևորների ճնշող մեծամասնությունը հայեր են, որոնց մեծ մասը օտար լեզուների,  հատկապես  չեխերենի չեն տիրապետում, ուստի հարց է առաջանում. ու՞մ համար են կատարվում այդ ձևական բնույթ կրող անիմաստ ցուցադրումները: Ուղևորներից շատ քչերն են հասկանում, թե որտեղ են գտնվում թթվածին մատակարարող դնչկալները և փրկության ժիլեթները:

Չեխական օդանավային ընկերությունը, CZECH AIRLINE  և   աշխատակիցները անվտանգության կանոնները չմեկնաբանելով ուղևորներին հասկանալի լեզվով, կոպտորեն խախտում են միջազգային օդանավային երթևեկության օրենքները և դրանովիսկ վտանգի են ենթարկում ուղևորների կյանքը:

 Ուստի,  դիմում եմ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանություններին և պահանջում եմ.

  1. Հարգելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը, որտեղ հաստատված է հայերեն լեզուն որպես պետական լեզու, կարգադրեն, որպեսզի  Հայաստանից ու դեպի Հայաստան կատարվող բոլոր թռիչքների ընթացքում   ներկա լինի հայերեն լեզվին կատարյալ տիրապետող սպասարկող անձնակազմի անդամ:
  2. Անվտանգության կանոնները անպայման բացատրվեն հայերեն լեզվով:  Աշխատակիցը պետք է արհեստավարժ լինի և հայերեն լեզվով պատասխանի ուղևորների հարցերին: Օդանավի մեջ գտնվող տեղեկատու բրոշյուրները պետք է լինեն հայերեն լեզվով:
  3. Օտարերկրյա օդանավային ընկերությունների արհամարհանքը հայոց լեզվի ու ուղևորների անվտանգության նկատմամբ այն աստիճանի է հասել, որ հայրեն լեզուն չօգտագործելու համար անգամ ներողամտություն էլ չեն հայցում, մի բան,  որը պահանջում է տարրական էթիկան:

Որպես բողոք, այսուհետև  ես և իմ ընտանիքի անդամները չեխական  օդային ընկերություններով  չենք երթևեկելու,  և խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, բարեկամներին ու հայաստանցի իմ հայրենակիցներին իրենց կյանքը վտանգի չենթարկեն  և չօգտվեն նշված օդանավային ընկերությունից  այնքան ժամանակ,  քանի դեռ չեխական և ընդհանրապես օտար օդանավային ընկերությունները  չեն ապահովի  ուղևորների կյանքի անվտանգությունը:

Եվրամիության հայազգի քաղաքացի

Արամայիս Միրզախանյան

[email protected]

Այս խորագրի վերջին նյութերը