Կարծիք

17.10.2016 17:40


Սերժ Սարգսյանը հերթական անգամ գետնով տվեց մեր ազգային արժանապատվութունը

Սերժ Սարգսյանը հերթական անգամ գետնով տվեց մեր ազգային արժանապատվութունը

Երևանում ավարտվեց ՀԱՊԿ գագաթաժողովը, որի, թերևս, ամենանշանակալի պահն այն էր, թե ինչպես Սերժ Սարգսյանը հերթական անգամ գետնով տվեց մեր ազգային արժանապատվութունը, ձեռքի հետ էլ անձնապես վիրավորեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին: Խոսքը նրա մասին է, թե ինչպես Սերժ Սարգսյանն «աղուհացով» շտապեց օդանավակայան՝ դիմավորելու Վլադիմիր Պուտինին, և ինչպես նման «պատվի» չարժանացրեց Տաջիկստանի, Ղրղզստանի ու Բելառուսի նախագահներին:

Սերժ Սարգսյանի նման ստրկամիտ պահվածքն, իհարկե, նորություն չէ, բայց չենք կարող ևս մեկ անգամ չնշել, թե ինչպես է այդ ստրկամտությունը բացասաբար ազդում մեր երկրի համբավի վրա: Բացի բարի համբավից՝ նման վերաբերմունքը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև այդ երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների վրա: Համոզված եմ, որ այդ արհամարհական վերաբերմունքն ու քծնանքը Պուտինին աննկատ չի անցել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների համար:

Չգիտեմ էլ՝ ինչ անեմ. ինչքա՞ն կարելի է նման տարրական բաների մասին խոսել, մատնանշել այդ պարզունակ վրիպակները: Ախր, ամոթ էլ է, որ դրա մասին խոսենք: Փաստորեն, Սերժ Սարգսյանը դեռ չի կարողացել ազատվել սովետական բարդույթներից, և Մոսկվայից ղեկավար պաշտոնյայի այցը նրա համար առանձնահատուկ իրադարձություն է, իսկ այլ երկրների ղեկավարներին կարելի է նաև անտեսել: Սա զզվելի է և անհասկանալի: Ի՞նչ էր ուզում դրանով ցույց տալ Սերժ Սարգսյանը: Հազիվ թե այդ աղուհացը և անձամբ օդանավից դիմավորելը դրական ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Չեմ կարծում, որ նման վերաբերմունքից շոյված՝ Պուտինը գազի գինը կզեղչի Հայաստանի համար, կամ, օրինակ, մի երկու «Իսկանդեր» էլ նվեր կտա Հայաստանին:

Փոխարենը՝ հաջորդ անգամ, ասենք, Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ Բելառուսի, Տաջիկստանի ու Ղրղզստանի նախագահները ևս մեկ անգամ կմտածեն, թե ինչպիսի հայտարարություններով հանդես գան, և ինչպես իրենց պահեն: Եվ եթե լավ վերաբերմունքը մեծ քաղաքականության մեջ, մեծ հաշվով, աննկատ է մնում, վատը միշտ հիշվում է և ազդում երկրների երկկողմ հարաբերությունների վրա:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը