Կարծիք

15.10.2016 12:31


Իշխանությունները մեր տնտեսությունը նստեցրել են «պարտքի ասեղի» վրա

Իշխանությունները մեր տնտեսությունը նստեցրել են «պարտքի ասեղի» վրա

Իշխանությունները մեր տնտեսությունը նստեցրել են «պարտքի ասեղի» վրա։ Այսօր մեր երկիրը վերածվել է մի տեսակ թմրամոլի, որին անընդհատ նոր «դոզա» է անհրաժեշտ՝ պարտքի տեսքով։ Եվ գնալով այդ դոզայի չափաբաժինը մեծանում է։ Սա շատ վտանգավոր է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում թմրամոլի վերջը։ Առհասարակ, հիվանդություններն ունենում են երեք ելք՝ խրոնիկ ընթացք, բուժում կամ մահ։ Ցավոք սրտի, թմրամոլության դեպքում խրոնիկ ընթացքը բացառվում է. ելքը կա՛մ բուժումն է, կա՛մ մահը։

Մեր տնտեսությանն էլ տալով պարտքի նոր դոզաներ՝ մղում ենք մահվան։ Հնարավոր չէ պետության գոյությունն ապահովել պարտքով. մի օր դա պետք է ավարտվի կա՛մ տնտեսության կոլապսով, կա՛մ տնտեսական զարգացման ծրագրով։ Այսքան տարի մեր իշխանությունները տնտեսությունը պահում էին արտաքին պարտքի հաշվին։ Այսօր արդեն հասել ենք այն վիճակին, որ Կառավարությունն առանց նոր պարտքերի չի կարողանում ապահովել բյուջեի ծախսային մասը, կատարել ընթացիկ ֆինանսական պարտավորությունները։

Այս տարվա սկզբից մեր երկրի պետական պարտքն ավելացել է մոտ 10 տոկոսով՝ ավելի քան 500 մլն դոլարով։ Եվ սա միայն անցած 9 ամիսների տվյալներն են, իսկ մինչև տարեվերջ ունենք դեռ 3 ամիս։ Հայաստանի տնտեսությանն անհապաղ միջամտություն է պետք, անհրաժեշտ են տնտեսական շրջադարձային ու կտրուկ փոփոխություններ։ Եվ այստեղ մեծ է Կառավարության և Ազգային ժողովի դերը, քանզի պարտքի այլընտրանքն ուղիղ ներդրումներն են։ Իսկ դրանք ներգրավելու համար Սերժ Սարգսյանի «ազնիվ խոսքը» միայն բավարար չէ. առավել ևս, որ այս տարիների ընթացքում այդ խոսքի արժեքը հավասարվել է զրոյի։ Դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է գործարար միջավայրի փոփոխություն, պետությունը պետք է շահավետ պայմաններ ստեղծի, որ մարդիկ շահագրգռված լինեն բիզնես հիմնել Հայաստանում։

Երկրորդ կարևորագույն խնդիրը փոքր ու միջին բիզնեսի աջակցությունն է։ Մարդկային ռեսուրսն այն մեծագույն հարստությունն է, որն ունի Հայաստանը։ Պետք է կարողանալ օգտագործել մեր ժողովրդի ստեղծագործ ներուժը Հայաստանը զարգացնելու համար։ Ի վերջո, Հայաստանը թերևս միակ տեղն է աշխարհում, որտեղ հայը չի կարողանում հասնել հաջողության։ Այս իրողությունը պետք է փոխվի, դրա համար էլ անհրաժեշտ են գործնական քայլեր, անհրաժեշտ է ռազմավարություն։ Սա է այն հիմնական փոփոխությունը, որին սպասում է հասարակությունը նոր վարչապետից ու Կառավարությունից։ Մնացածն ածանցյալ է, և մնացած փոփոխություններն ունեն կոսմետիկ բնույթ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը