Մեկնաբանություն

15.10.2016 10:35


«Երդվյալ անկուսակցական» ՀՀԿ-ականները

«Երդվյալ անկուսակցական» ՀՀԿ-ականները

«Քաղաքական նոր մշակո՜ւյթ», «Ազգային համաձայնության կառավարությո՜ւն» և նման բաներ.... Այս ամենը դատարկ խոսքեր են: Հանրապետական կուսակցության նոյեմբերյան համագումարը «բեկումնային» և «առանցքային» է լինելու, թերևս, այն առումով, որ նոր ձևավորված Կառավարությունն առավելագույն չափով ՀՀԿ-ացնելու են: Քանզի, ինչպես Շարմազանովն է վստահ հայտարարում՝ այո՛, Կարեն Կարապետյանը «Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի լիարժեք անդամ է»:

Առանց այն էլ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մի կերպ են դիմանում Կառավարության կազմում անկուսակցական նախարարների գոյությանը, ինչպե՞ս կարող են երեք ամիս անց էլ հանդուրժել այդ իրողությունը: Առայժմ 18 նախարարից միայն չորսն է ՀՀԿ անդամ, իսկ երկուսը դաշնակցական է: Այնպես որ, նոյեմբերյան համագումարի ժամանակ պետք է անհապաղ ուղղեն այս ճակատագրական սխալը և նոր Կառավարության անդամներին «տարժեստվեննի» անդամատոմսեր բաժանեն:

Եթե Տիգրան Սարգսյանի տիպի «երդվյալ ԱԺՄ-ականը» կամ Վաչե Գաբրիելյանի տիպի «երդվյալ անկուսակցականը» «տուտ ժե» դարձան ՀՀԿ անդամ (չենք խոսում արդեն Տիգրան Սարգսյանի հետ Կառավարություն մտածների մասին), ապա նորերը ևս զարդարվելու են ՀՀԿ կրծքանշանով՝ պաշտոնավարման «երկարակեցությունն» ապահովագրելու միամիտ կամ գուցե գիտակցված ցանկությամբ ու մղումով:

Սերժ Սարգսյանը կարող է «հանդուրժողականություն» դրսևորել և առանձին պորտֆելատերերին չպարտադրել, որպեսզի անդամագրվեն ՀՀԿ-ին (ասենք՝ Մշակույթի նախարարին. թեև Արմեն Ամիրյանը կարծես թե երկու ձեռքով համաձայն կլինի): Սակայն Կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին հազիվ թե ազատ թողնի: Կհանրապետականացնի անպայման:

Ահա նման մեթոդների կիրառման շնորհիվ է Հանրապետականը տեղի-անտեղի պարծենում, թե ինքն է «ձևավորում երկրի քաղաքական օրակարգը»: Բոլորին բերման ենթարկելով Մելիք-Ադամյան հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ: Իսկ օգոստոսի 1-ին այդ ուժի ղեկավարը խոսում էր Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին: Իրար մեջ համաձայնվում են, անունն էլ դնում են «ազգային»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը