Քաղաքական

29.10.2010 16:44


Մինչ դեկտեմբերի 9–ը ՀՀ ԱԺ–ն կյանքի կկոչի՞ ՀՀ–ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինքը

Մինչ դեկտեմբերի 9–ը ՀՀ ԱԺ–ն կյանքի կկոչի՞ ՀՀ–ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինքը

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծի քվեարկությունը համաձայն են հետաձգել մինչև դեկտեմբերի 9-ը՝ մինչև Աստանայի գագաթնաժողովը։

«Հնարավո՞ր է, որ դեկտեմբերի 9-ին էլ նահանջեք, և այդ ժամանակ ևս այդ օրինագիծը քվեարկության չդնեք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցրեցինք «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներին։ Խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե դա նահանջ չէր. իրենք չէին գնացել ճակատամարտի, որ հետո էլ նահանջեին։ Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ հավելեց, որ հանուն գաղափարի փոխհամաձայնություն է տեղի ունեցել, և դրանից ոչ մի քաղաքական ուժ չի տուժել։

-«Ժառանգության» մի առաջարկի հետ կապված լուծումներ գտնվել են՝ հայտարարվել է, որ ԼՂՀ ճանաչման օրինագիծը ներառված է թե՛ մեծ, թե՛ փոքր օրակարգերում։ Եվ, ընդհնարուր առմամբ, մեր նպատակը ոչ թե որևէ քաղաքական ուժի վատ կամ լավ դրության մեջ դնելն է, այլ մեր ցանկությունն է այս խնդրի լուծմանը հասնել։ Անկախ նրանից՝ խորհրդարանում թե խորհրդարանից դուրս ինչպիսի՞ ցանկալի և անցանկալի, անհեթեթ ու իմաստալից գնահատականներ կհնչեն տեղի ունեցածի հետ կապված, դա էական չէ։ Մեզ համար էական է, որ խնդիրը հասցվի իր տրամաբանական ավարտին։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարվել է, որ դեկտեմբերի 9-ին դրվելու է քվեարկության։

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ-ի կողմից էլ առաջարկվում էր ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինք կնքել։ «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվել են։ Մասնավորապես օրակարգում է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կողմից նախաձեռնած ՀՀ ԱԺ որոշում-հայտարարությունը, որը չներառելով իրավաբանորեն սայթաքելու վտանգ պարունակող տերմիններ՝ հստակ խոսում է այն մասին, որ ԼՂՀ երաշխավորը, նաև՝ ռազմական ագրեսիայի պարագայում, ՀՀ-ն է։

-Եվ այդ հայտարարության մեջ շատ հստակ արտահայտված են մեր արտաքին քաղաքականության ղարաբաղյան վեկտորի մոտեցումները։ Սա Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտել է օրակարգ, սակայն քվեարկությունը դեռևս հետաձգվում է հավանաբար նույն պատճառներով՝ ժամանակի նպատակահարմարության և այլն,-ասաց Վ. Հովհաննիսյանը։

Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է, որ մինչև դեկտեմբերի 9-ը, այսինքն՝ մինչև «Ժառանգությունը» քվեարկության կդնի ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը, ՀՀ ԱԺ-ն կյանքի կոչի ՀՅԴ-ի առաջարկած՝ ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը։

-Եթե ժամանակին այդ հայտարարությունն ԱԺ-ի կողմից արվեր, այլևս որևէ այլ տեսակի նախաձեռնության կարիք, ճանաչելու, այդ հարցը քաշքշելու խնդիր այլևս չէր լինի։ Ժամանակին չլսեցին մեզ, և այդ հարցը մնաց օդում կախված։ Այլապես ես վստահեցնում եմ, որ ոչ մի խմբակցության մտքով չէր անցի ինչ-որ ուրիշ ճանապարհներ որոնել և օգտագործել նոր համակարգի հնարավորությունները, Ղարաբաղի ճանաչման հարցը ինչ-որ քննարկման առարակ դարձնել,-պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ եթե այդ հայտարարությունն ընդունված լիներ, նման ուլտիմատիվ ժամկետներ դնելու առումով էլ չէինք կանգնի բավականին տհաճ վիճակի առջև, և նման բան տեղի չէր ունենա, եթե այս ամբողջ պատմությունը լավ մտածվեր երկու կողմերից էլ.

-Որովհետև, փաստորեն, հանկարծ դուրս եկավ, որ մեր ողջ հասարակությունը պետք է սրտատրոփ սպասի, թե Աստանայում ի՞նչ պետք է լինի։ Իսկ Աստանայում ոչ մի բան էլ չի լինելու։ Մինչև հիմա ի՞նչ է եղել, որ Աստանայում ինչ-որ արտառոց դեպք լինի։

Նույն հարցը հղեցինք նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին։ Նա պատասխանեց, որ քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդատվությունները ընդունված երևույթ են, և հետո՝ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած նորմալ, կառուցողական առաջարկ։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ ելնելով ընթացող բանակցային գործընթացից՝ այս պահին ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ։ Մեր հարցին՝ իսկ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կխանգարի՞ բանակցային գործընթացին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց.

-Նման հարցերին «այո» կամ «ոչ» պատասխանելը այդքան էլ ամբողջական չէ։ Ես ասացի, որ ցանկացած քայլ, որը կամրապնդի հայկական կողմի դիրքերը, որը քայլ առաջ կլինի դեպի Արցախի միջազգային ճանաչումը և կօգնի բանակցությունների միջոցով հասնել հարցի լուծմանը, Հայաստանի իշխանությունները պատրաստ են քննարկել և առաջ շարժվել։ Ամեն ինչ կախված է արդյունքից, պետք է նայել ՝արդյունավե՞տ է, թե ոչ։ Նպատակն էլ կարևոր է։ Նպատակը մեկն է, և մենք վճռական ենք, շարժվում ենք այդ ուղղությամբ։ Արցախը հայկակա՛ն է, Արցախը պե՛տք է լինի հայկական և, ուշ թե շուտ, միջազգայնորեն պետք է ճանաչվի։ Շատ դեպքերում, երբ մենք հանդիպում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, կարծում եմ՝ իրենց մոտ էլ այդ տպավորությունը կա։

Է. Շարմազանովը հայտարարեց նաև, թե պետք է հաճախակի գնալ Արցախ և համոզվել, որ այն իրո՛ք անկախ ու կայացած հանրապետություն է և անհրաժեշտության դեպքում իր հարևան Ադրբեջանին տարբեր դասեր կարող է տալ։ Սակայն Շարմազանովը կասկածում է՝ ադրբեջանցիները կհասկանա՞ն, թե՞ ոչ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը