Մեկնաբանություն

14.10.2016 00:05


Թամաշաները շարունակվում են

Թամաշաները շարունակվում են

ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման միամսյակը լրացավ (սեպտեմբերի 13-ին է նշանակվել): Գլորվեց մեկ ամիս, Կառավարության կազմը, կարծես թե, ձեւավորվեց (դեռ փոխնախարարներ են նշանակում) ու հանրությունը հասցրեց հիասթափվել, այսպես կոչված, նոր կառավարությունից: Մտայնությունը կոտրել անհնար է՝ ոչինչ էլ չի փոխվի, քանի դեռ նշանակողն ու ազատողը Բաղրամյան 26-ում է:

Մեկ ամիս հանրային միտքը զբաղեցրին պաշտոններ բաժանելու ու պաշտոններին հրաժեշտ տալու մասին հույժ «կենսական նշանակության» որոշում-հրամաններով, ինչից ժողովրդին մնաց միայն թամաշաներին հետեւելը: Պատկերավոր ասած «հալվա ասելով բերանները չքաղցրացավ»: Այնինչ մեկ ամիսը կուտակված հիմնախնդիրներով առկա մեր երկրի համար մեծ ժամանակահատված է, որը, փաստորեն, կորչեց-գնաց՝ խնդիրները, ինչպես սփյուռքահայերն են ասում, թողնելով գետնի վրա:

Իսկ հիմա էլ Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան ակտիվորեն լծվել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող եւ դեռ չծնված ուժերի ու դեմքերի տիրաժավորմամբ (վերջիններիս «տեղաբաշխելով» ըստ հարմարության): Ամենօրյա ռեժիմով հղում են անում «հավաստի աղբյուրներին» եւ այս կամ այն դեմքին «տեղավորում» այս կամ այն դեմքի կողմից ստեղծվելիք ուժի մեջ: Արդեն այնքան անուններ են շրջանառել, որ թվում է, թե 2017-ի քվեաթերթիկը 1,5 մետրանոց է լինելու:

Հիմիկվանից հանրությանը նախապատրաստում են Բաղրամյան 26-ի պրոյեկտների ի հայտ գալու «պատմական պահին»: Պրոյեկտներ, որոնք կարող են այնքան շատ լինել, որ «շունը տիրոջը չճանաչի»:

Ակնհայտ է, որ իշխող ուժն ու նրա ղեկավարը հենց այս ուղղությամբ էլ աշխատում են: Ամեն բան խառնշտորելու, ամեն ինչ պղտորելու, երկրում մի բուռ մնացած ընտրողներին խամաճիկ ուժերի վրա «տարալուծելու» եւ սեփական բոնուսները շահելու Սերժ Սարգսյանի գործելակերպն ու հոգեկերտվածքն ավելի քան ծանոթ է: Բայց սա չէ կարեւորը: Այլ այն, որ, փաստորեն, առաջիկա ամիսներն էլ երկիրը ներքաշելու են թամաշաների «ոլորտ»՝ շարունակելով անտերության մատնել իրական ոլորտներում կուտակված եւ չլուծված խնդիրները: Այսինքն՝ ինչպես մինչեւ հիմա, սրանից հետո էլ շարունակելու են պոռալ «փոփոխություննե՜ր» եւ դոփել տեղում:

Իշխող ուժի եւ Սերժ Սարգսյանի համար «փոփոխություններ» ասվածը նախընտրական եւ ընտրական փուլերում հանրությանը «ֆռռացնել» կարողանալն է: Սա՛ է: Ուրիշ ոչինչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը