Մեկնաբանություն

13.10.2016 00:05


«Փրկարար» ֆինանսատնտեսական ճգնաժամը

«Փրկարար» ֆինանսատնտեսական ճգնաժամը

Հնարավոր չէ մարդ 8 տարի երկիր ղեկավարի և բոլոր հարթակներում սեփական անգործության համար որպես ալիբի ներկայացնի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այդ ճգնաժամը շատ «փրկարար» եղավ Սերժ Սարգսյանի համար, որն ամեն առիթով հենց միայն դա է նշում որպես գլխավոր պատճառ սեփական ձախողումների: Բայց այդ ճգնաժամը հաղթահարել են շատ երկրներ և առաջ են շարժվել: Այնինչ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է հին երգը երգել: Սա նոնսենս է:

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Սերժ Սարգսյանը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ժամանակ հանդես է եկել ելույթով և դարձյալ նույն բանն է ասել:

«Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ»,- հայտարարել է ՀՀԿ ղեկավարը:

Ճգնաժամերը չշրջանցեցին, բայց մեր երկրում վերելք ապրեց...

Անհեթեթություն է նաև պնդել, թե անկախ ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում: Նույնքան անհեթեթ է օլիմպիադաներում մրցանակների մասին հիշատակությունը, երբ օտարերկրյա ներդրողներին քաջ հայտնի է, որ հենց ՀՀԿ ղեկավարի՛ նախագահության շրջանում ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացի է հեռացել երկրից: Առարկայական օլիմպիադաներում շահած 20 մրցանակները գայթակղիչ չեն կարող լինել ՀՀ-ում ներդրումներ անելու համար, երբ ՀՀԿ ղեկավարի կառավարման շրջանում ներդրումային անբարենպաստ մթնոլորտը գնալով խորացել է, քանի որ հաստատուն կերպով գործում են 50 և ավելի տոկոս փայ մտնելու անօրեն սկզբունքը, Հարկային օրենսդրության խայտառակ նորմերը և այլն:

Համաժողովի շրջանակից էլ դուրս նյույորքյան հայ համայնքի փոքրաթիվ խումբն է բողոքի ակցիա իրականացնում՝ ցուցապաստառային մակարդակով ծաղրելով ԱՄՆ հասած Սերժ Սարգսյանին՝ վերջինիս համարելով չընտրված նախագահ (Հրանուշին մոռացել էր հետը տանել, որ սաստի ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, որոնք 2009-ին ավելի ուժգին ընդվզեցին ՀՀԿ ղեկավարի քիրվայասիրական նախաձեռնողականության դեմ):

Բայց ամենազարհուրելին նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի՝ նշված համաժողովում ունեցած ելույթում արտահայտած միտքն է:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն 3 միլիոն ժողովրդով պետություն չէ, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք»,- Նյու Յորքում հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Ուռռա՜, Սարգսյանները հասել են նրան, որ Հայաստանն այլևս պետություն չէ, այլ տարածք: Այն նույն Սարգսյանները, որոնք ժամանակին թունդ արևմտամետ էին, իսկ հետո «կռուգ տվեցին» ու քշեցին «դբա ԵՏՄ», սակայն հիմա ամերիկյան հայկական շրջանակներից ու միջազգային բանկերի ներկայացուցիչներից են ներդրումներ ակնկալում: Ո՞ր մի ներդրողը լրջորեն կհավատա սրանց, որոնք, ինչպես իրենք են խոստավանում, Հայաստանն այլևս պետություն չեն համարում, այլ ընդամենը տարածք: Դրա համար էլ 800 հեկտար տարածքի կորուստը ոչինչ են համարում, քանզի 200 միլիոն մարդկանցով տարածք ունեն: Գործ ունենք ոչ թե հիվանդ, այլ ընդհանրապես երևակայության բացակայության հետ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը