Մեկնաբանություն

12.10.2016 10:30


Որտեղ է թաղված «շան գլուխը», և ինչպես պետք է այն բռնել

Որտեղ է թաղված «շան գլուխը», և ինչպես պետք է այն բռնել

Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե ադրբեջանական հնարավոր հարձակումն է, այլ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հայեցակարգը։ Այդ հայեցարակգի կյանքի կոչումը մեր երկիրը թուլացնում ու քայքայում է ներսից։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում մենք թուլանում ենք, քանի որ այդ հայեցակարգն է դրված պետական կառավարման հիմքում։

Թշնամին հարձակվում է, երբ թույլ ես։ Իսկ թուլանում ես, երբ ֆինանսատնտեսական հոսքերը կենտրոնանում են մեկ ընտանիքի ձեռքում։

Արտագաղթը, կապիտալի արտահոսքը, ներդրումների կրճատումն ու այլ վտանգավոր երևույթները հետևանք են։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների բուն պատճառն այն է, որ իշխանությունը դիտարկվում է որպես փող աշխատելու հնարավորություն, իսկ պետությունը՝ որպես տնամերձ բոստան։

«Մեկ օլիգարխի տնտեսությունը» բերում է «Մեկ օլիգարխի քաղաքական համակարգի», որի պայմաններում ընտրությունները վերածվում են ֆիկցիայի և ձևական միջոցառման։ Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ են հասկանում Սերժ Սարգսյանն ու իր թիմը «սահմանադրական բարեփոխումների» տակ, և ինչի են ձգտում այդ «բարեփոխումների» միջոցով։

Այս պայմաններում ՀՀ քաղաքացիներին մնում է արտագաղթելու կամ քլունգն առած այս իշխանության հարցերը լուծելու տարբերակները։ Երկուսն էլ վտանգավոր են թե՛ հանրության, թե՛ պետության, թե՛ իշխանության համար։ Երկուսն էլ յուրովի ցնցումային են։

Պետք է, հետևաբար, գնալ երրորդ ճանապարհով, այն է՝ գտնել իշխանության ներսում առկա առողջ շրջանակների և իրական փոփոխությունների ձգտող ոչիշխանական ուժերի ընդհանուր հայտարար, հանրությանն առաջարկել փոփոխությունների ճանապարհային քարտեզ ու Հայաստանի զարգացման առարկայական ծրագիր։

Շան գլուխն, ինչպես ասում են, թաղված է «Մեկ օլիգարխի տնտեսության» մեջ, երբ փող աշխատելու մոլուցքը զուգորդվում է երկիրը պարտքային բեռի տակ մտցնելու կործանարար քաղաքականության հետ։ «Գլխից» բռնելու համար կադրային տեղաշարժերը կամ առանձին քաղաքական սուբյեկտների աշխատանքն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Բավարար պայմանը կարելի է ապահովել միայն քաղաքական քայլերի օգնությամբ։ Միայն քաղաքական մեթոդներով է հնարավոր գլխից բռնել, և միայն հանրային լայն համախմբմամբ է հնարավոր դրական արդյունքի հասնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը