Կարծիք

11.10.2016 08:25


Ըստ Արամ Զավենի Սարգսյանի՝ Հայաստանը բոլորովին էլ պետություն չէ

Ըստ Արամ Զավենի Սարգսյանի՝ Հայաստանը բոլորովին էլ պետություն չէ

Իսկ դուք գիտեի՞ք, որ, փաստորեն, ըստ Արամ Զավենի Սարգսյանի՝ Հայաստանը բոլորովին էլ պետություն չէ։ Այո՛-այո՛, այն տարածքը, որտեղ մենք ապրում ենք և որը հայրենիք ենք կոչում, Արամ Զավենիչը պետություն չի համարում՝ իր հարցազրույցում Հայաստանի բոլոր սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների մեջ մեղադրելով Ռուսաստանին և Եվրասիական միությանը և դրանով իսկ զրկելով մեր երկիրը պետության հիմնական հատկանիշներից՝ ինքնիշխանությունից։

Փաստորեն, ստացվում է, որ Սերժը, ինչպես կասեր «դասականը», «նևինովնիկ» է։ Ինքը չէ, որ 2007 թվականին իր թիմին բերելով՝ աղավաղել է քիչ թե շատ նորմալ Հարկային օրենսգիրքը, «մեծ բյուջեի» քաղաքականություն հնարել՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար մարդկանց վզին նորանոր հարկել հնարելով։ Այդ Սերժ Սարգսյանը չէ, որ տարիներ շարունակ բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացվելու վերաբերյալ, իսկ հետո մեկ օրում սփրթնած դեմքով հայտարարեց, որ գնում ենք ԵՏՄ։ Սերժ Սարգսյանը չէ, որ փորձում է ամայացնել քաղաքական դաշտը և չի ամաչում «ինչքան ուզենք՝ էնքան խփենք»-ից։ Այո՛-այո՛, Սերժի եղբայրը՝ Սաշիկը չէ, որ «կիսում է» մարդկանց բիզնեսները, և Սերժը չէ, որ հովանավորում է լիսկաներին, «ականջ կտրողներին» և նմանատիպ այլ երևույթներին։
Եվ այս ամենի մասին քաջատեղյակ լինելով՝ Արամ Սարգսյանը, այնուամենայնիվ, երկրի խայտառակ վիճակի համար մեղադրում է՝ ում ասես, բացի Սերժից։ Ռուսաստանն է ամեն ինչում մեղավոր, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ Արամ Զավենիչի, հակառակը՝ կոմպրոմիսների գնացող, բանակցություններին պատրաստ մարդ է, իսկ մեր ապագան էլ պետք է որևէ «եվրոպական երկիր» որոշի, որին մենք, կոպիտ ասած, «Սերժ Սարգսյանի վրա ենք բերելու», որ մատը թափ տա ու ասի՝ «նո՛-նո՛-նո՛, քեզ լավ պահի»։
Այ սա՛ էր Արամ Զավենիչի տված հարցազրույցի կարճ տարբերակը։

Հ․Գ․ Ի դեպ, ընտրություններին էլ, ըստ Զավենիչի, պետք է մասնակցել, բայց դե, մեկ է՝ բան չի փոխվելու, քանի որ «Սերժի դեմ խաղ չկա»։
Դե արի ու մի ասա․․․․

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը