Կարծիք

11.10.2016 08:06


Սովետը ամուր նստած է անձնագրայինում

Սովետը ամուր նստած է անձնագրայինում

Անձնագրիս ժամկետը վաղուց անցել էր, ու պետքս էլ չէր: Թե ինչ փչեց խելքիս, որ որոշեցի գնալ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան բաժին՝ անձնագիրս փոխելու համար:
Ա՛յ քեզ բա՜ն...Հայտնվեցի սովետում:
Լրիվ սովետի հալումաշ եղած գույքով ու վարագույրներով, 1960-ականների «ռեմոնտով» մի շենք էր, աստիճանների վրա էլ լիքը մարդ էր հավաքված:
Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք կանգնել, պատասխանում են՝ «պերերիվ ա», պետք ա ուտեն պրծնեն, նոր բացեն դուռը:
-Մամա ջա՜ն,-մտածում եմ, ախր, էս ո՞ր թիվն է, որ «պերերիվ» են անում...Էդքան ոստիկան պահելու փոխարեն թող այս վարչությունում փոխարինող կազմ ունենան ու մարդկանց սպասարկեն այնպես, որ հերթեր չկուտակվեն:
Ամեն տարի Ոստիկանության համակարգի բարեփոխումների համար եսիմ ինչքան վարկեր են ստանում, է՞ս է բարեփոխումը...սովետը ամուր նստած է այստեղ...
Մի քիչ սպասեցի, ու պարզվեց, որ «պերերիվը» վաղուց վերջացել է, բայց դուռը չեն բացում: Աստիճանների վրա հերթի կանգնածների արանքով սուրացի վեր ու գոռացի՝ հետո՞, ինչքա՞ն պետք է սպասենք, բացե՛ք դուռը...
120 կգ-նոց մեկը շորորալով եկավ, քթիս առաջ շը՛խկոցով փականը հանեց, ու ներս լցվեցինք:
Սկսեցինք վազվզել կարտոնե պատերով իրարից անջատված սենյակների կողքերով, որպեսզի պարզենք՝ որիս հարցը որ սենյակում պետք է լուծվի:
Գտա այն պուճախը, որտեղ պետք է դիմեի:
Տիկինը նայեց անձնագիրս, պատճեն ու նկար էլ ուզեց: Երկու լուսանկար հետս վերցրել էի: Հետախույզի հայացքով ուսումնասիրեց լուսանկարս ու վճիռը կայացրեց.
- Էս նկարը չի լինի, ակնոցներով եք. պետք ա առանց ակնոցի նկարվեք ու բերեք:
- Բայց իմ անձնագրի նկարը միշտ ակնոցով է եղել,- ասացի ես:
- Ա՛յ տիկին ջան, ասում եմ՝ չի՛ լինի, էլի՛, գնացեք էս մեր դիմացը մի հատ բուդկա կա, ընդեղ նկարվեք, բերեք, թե չէ ի՞նչ իմանանք՝ կարող ա շռամ կա դեմքիդ վրա, պետք ա սաղ երեւա, չէ՞, պետք ա ամեն ինչ պարզ երեւա, մի բան ըլնի, հետո շռամը չտեսնենք, ո՞նց կլինի...
-Տիկի՛ն, ես շռամ չունեմ, կրկնահանցագործները վերեւներում են նստած, դուք հիմա ինձ հավանական հանցագո՞րծ եք համարում,-ասացի ես ու տեսա, թե ոնց չռվեցին այդ տիկնոջ աչքերը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը