Մեկնաբանություն

11.10.2016 00:50


Գյումրին ու Վանաձորը պաշտոնապես «անկախացան»

Գյումրին ու Վանաձորը պաշտոնապես «անկախացան»

Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի ական է դրված մեր պետության տակ:

Այդ ընտրությունները նաև ցույց տվեցին, որ Գյումրին ու Վանաձորը, ավելի ճիշտ՝ այդ քաղաքների ղեկավար կազմը պաշտոնապես «անկախացել» է, այսինքն՝ կախված չէ քաղաքացիների կամքից և չի ներկայացնում քաղաքացիներին:

Գյումրիում քաղաքապետ դարձավ 33 տոկոս ձայն հավաքած դաշինքը գլխավորողը, իսկ Վանաձորում նույնն արեց 37 տոկոս ստացած ուժի առաջին համարը: Ասել է թե՝ ընտրողների փոքրամասնության ձայները ստացածները դարձել են իշխանություն: Մի տեղ դա արվեց մանդատագողության, իսկ մյուսում՝ ավագանիագողության միջոցով:

Դեռ մի կողմ թողնենք, թե 33 կամ 37 տոկոսն ինչպես են հավաքել Սամվել Բալասանյանն ու Մամիկոն Ասլանյանը: Մի պահ աչք փակենք «կարուսելի», ընտրակաշառքի և նույնականացման քարտերի միջոցով բազմակի քվեարկություն իրականացնողների «խփած» տոկոսների վրա: Փաստն այն է, որ նրանք փոքրամասնության մեջ են հայտնվել:

Գյումրիում ընտրության մասնակցածների 67 տոկոսը, իսկ Վանաձորում՝ 63 տոկոսը չի ուզեցել իշխանության ղեկին տեսնել ՀՀԿ-ին, բայց երկու քաղաքներում էլ հիմա պարտադրվում է Բ26-ի դրածոն: Իսկ դա յուրօրինակ օկուպացիա է, ժողովրդավարական նորմերի բռնաբարում և քաղաքական դաշտի է՛լ ավելի այլասերում: Երբ «անասնագողությունը» դառնում է խաղի կանոն, ապա պարզ է, որ այլասերվածությունը հասնելու է գագաթնակետին:

Գյումրին ու Վանաձորը շատ հանրամատչելի բացահայտում են, թե ինչ է իրականում ներկայացնում նոր Սահմանադրությունը, որի հիմնական հոդվածը, փաստորեն, սա է. «Ընտրություններն անցկացվում են ձևի համար, քանի որ իշխանությունը միշտ պետք է մնա նրա ձեռքում, ով ունի մանդատ կամ մարդ գողանալու լծակ»:

Ահա թե ինչու է հանրությունը զենքով հարց լուծելու պահանջ ներկայացնում: Իշխանություններն իրենք են այդ պահանջը ձևավորում: Ու որպեսզի Հայաստանը վերջնականապես «չանկախանա» իր քաղաքացիներից, կամ քաղաքացին իրեն ամբողջությամբ չօտարի պետությունից, պետք է արմատական փոփոխություն: Ով այդ փոփոխության դրոշակակիրը դարձավ՝ նա էլ դուրս կբերի մեր երկիրն այս վիճակից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը